ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

15-01-2018 16:44:13   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային  խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:
 

Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների  վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված հարցերի քննարկումն էր:
 
«2018 թվականի հունվարից մենք ունենք որոշակի գնաճ առանձին ապրանքատեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի գծով, որի թանկացումը սակայն, մեր գնահատականներով էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Բացի այդ, առաջիկայում ակնկալվում է դիզելային վառելիքի գնի որոշակի անկում` պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ:  Մենք պետք է սեղմ ժամկետում ամփոփենք կատարված վերլուծություններն ու գնահատականը և իրազեկենք այդ մասին գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանան սահուն և առանց խնդիրների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
 
Նախարար Առաքելյանը հավելել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են պետական օժանդակության ծրագրերը` մատչելի տոկոսադրույքով վարկեր, սուբսիդավորում կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման համար, որոնք բարձր արդյունավետություն կարող են ապահովել` նպաստելով բերքատվության էական բարձրացմանը և միաժամանակ ապահովագրելով գյուղացիական տնտեսություններին թանկացումների ռիսկից:
 
 Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ գյուղոլորտի առանձին ճյուղերի արտադրողների հետ` պտուղ-բանջարեղեն և կաթնամթերք վերամշակողներ, անասնաբույծներ և այլն, շուկայում գնային փոփոխություններին առնչվող  հարցերը նրանց հետ ևս քննարկելու նպատակով:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից