ԵՄ-ի ինքնաոչնչացման օրակարգը Հայաստանում

16-01-2018 18:50:27   | Հայաստան  |  Լուրեր
 

 
 
 
«Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոն»-ի հարցման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիների ընդամենը 9%-ն է լիովին վստահում Եվրամիությանը: Այս ցուցանիշով ԵՄ-ը զիջում է ոչ միայն 50%-անոց վարկանիշ ունեցող ՀՀ Զինված Ուժերին ու Հայ Առաքելական Եկեղեցուն, այլ նաև արդյունավետությամբ առանձնապես չփայլող կրթության, առողջապահության և ՏԻՄ համակարգերին: ԵՄ-ից ավելի քիչ վստահության քվե են ստացել հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները և լրատվամիջոցները: Այսինքն՝ բոլոր այն կառույցները, որոնք մեծ մասամբ ֆինանսավորվում են ԵՄ-ի կամ վերջինիս հետ կապված դոնորների կողմից:
Մեկ այլ հետազոտական կենտրոնի՝ PEW Research-ի տվյալներով էլ Հայաստանը բացարձակ ռեկորդակիր է «բարոյականության»-ը վերաբերող հոդվածների քանակով։ Հասարակության 98%-ը կարծում է, որ համասեռամոլությունն անընդունելի է, ընդ որում, հարցվողների մինչև 35 տարեկան խումբն ավելի հակված է այդ մտքին, քան 35-ից բարձր խումբը: Մնացած երկրները մեզ հետ չեն կարող մրցել նաև թմրանյութի և ալկոհոլի օգտագործման, մարմնավաճառության, ամուսնալուծությունների, նախաամուսնական սեռական կապի, աբորտների և հակաբեղմնավորիչների օգտագործման դատապարտման առումով: Արևելյան Եվրոպայում չկա հայերի նման պահպանողական բնակչություն, իսկ արևմտյան Եվրոպայի մասին խոսելն անգամ անիմաստ է:
Վերոհիշյալ երկու հետազոտական կենտրոնների արդյունքներն իրականում սերտորեն փոխկապակցված են: Մեր հանրության շրջանում հստակ գիտակցություն կա, որ լիբերալիզմի հիմնական հովանավորը հայաստանում հենց ԵՄ-ն ու ԵՄ-ի հետ ասոցացվող այլ արևմտյան դոնորներն են։ Հենց նրանք են ՀԿ-ների ու լրատվամիջոցների միջոցով համասեռամոլների իրավունքների պաշպանություն քարոզում, կանանց առողջության պահպանմանն ուղղված նախագծեր իրականացնում, ընտանեկան համերաշխության և խաղաղասիրության մասին խոսում: Սակայն արի ու տես, որ տարատեսակ նախագծերի թիրախ հանդիսացող երիտասարդ սերնդի մոտ պահպանողականությունը չի նվազում, դեռ մի բան էլ աճում է, իսկ ԵՄ-ի ու վերջինիս գործընկերների վարկանիշը նվազում:
Առաջին հայացքից կարելի է եզրակացնել, որ խնդիրը արդյունավետության մեջ է: Ենթադրել, որ գրանտերը տրվում են մասնագիտորեն թերացող խմբերին, կամ որ միջոցներն ուղակի մսխվում են, առավել ևս, որ հենց այս պահին ԵՄ երևանյան գրասենյակը խոշոր չափի խարդախության հատկանիշներով քրեական գործով է անցնում: Այնուամենայնիվ, դոնորները շարունակում են համառորեն ֆինանսավորել նույն ոլորտները, նույն մարդկանց և կառույցների միջոցով: Ըստ այդմ, տրամաբանական կլինի ենթադրել, որ նրանք այդքան էլ դժգոհ չեն արդյունքներից: Այստեղ պետք է հարց առաջանա՝ ո՞րն է այն նպատակը, որին հասնելով ԵՄ-ը կարող է գոհ լինել սեփական աղետալի վարկանիշից ու հանրության ծայրահեղացումից:
Միգուցե հենց դա՞ է նպատակը: Ծայրահեղացնել կրքերը, բևեռացնել հասարակությունը, մարգինալացնել թիրախային խմբերին, հնարավորինս շերտավորել բնակչությանը և միմյանց նկատմամբ վստահությունը նվազեցնել: Պետք է արձանագրենք, որ եթե սրանք են նպատակները, ապա աշխատանքը գերազանց կատարվել է, որովհետև երկրի դատական, օրենսդիր և գործադիր մարմիններին վստահում են երեք անգամ ավելի քիչ, քան ԵՄ-ին: Մեկ այլ հարցումով էլ բացահայտվել էր, որ կոռուպցիայի մասին պատկերացումը երեք անգամ ավելի ուռճացված է, քան կա իրականում։ Արտագաղթի հոգեբանությունն ուսումնասիրող հիմնարկները փաստում են, որ արտագաղթի հիմքում բավականին լուրջ դեր ունեն մեդիամանիպուլյացիաները:
Հայաստանում պահպանողականության աճը հետևանք է նրա, որ հանրությունը տեսնում է, որ պետությունը չի կարողանում պայքարել սեփական շահերի համար, չի կարողանում արտաքին աշխարհից ստիպողաբար ներմուծվող նախագծերին դիմակայել և արդյունքում յուրաքանչյուր մարդու մեջ ավելի է խորանում «իմ տունը իմ ամրոցն է» գաղափարը, դրանից բխող բոլոր իզոլյացիոնիստ-պահպանողական հետևանքներով…
Հ.Գ. Գուցե պատահական չէ , որ դոնորներից սնվող բոլոր կառույցներն ամեն ինչ անում են հայկական պետականության վերջին հենասյուներ հանդիսացող բանակի ու եկեղեցու վարկանիշը գցելու համար՝ զուգահեռաբար արդարացնելով տարատեսակ հանցագործներին:
 
 
Աղբյուրը՝ Analitik.am
 
 
 
 
Նոյյան տապան   -   Լուրեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից