Արդարացնե՞լ, թե՞ հակադարձել. ՀՀ ԱԳՆ հետաքրքիր արձագանքը Լավրովին

17-01-2018 20:08:03   | Հայաստան  |  Հոդվածներ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արած հայտարարությունը հետաքրքիր արձագանք ստացավ Հայաստանում: 
 


Սերգեյ Լավրովը հունվարի 15-ին, մասնավորապես, հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար «անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն առ այն, ինչ հնարավոր է հիմա, և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:
 
Լավրովի սույն հայտարարությունը, անշուշտ, հակասում է կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, որի համաձայն հակամարտությունը պետք է կարգավորվի փաթեթային՝ ամբողջական տարբերակով:
 
Հայտարարությունը ուշագրավ էր նաև նրանով, որ Լավրովին, որը հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳՆ ղեկավարն է, վերջին տարիներին մի փոքր ավելի լայն դեր է «վերապահվում»: Մասնավորապես, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ակտիվորեն քննարկվում էր, որ կարգավորման համար Ռուսաստանն ունի ծրագիր, որը իբր կոչվում է «Լավրովի պլան»: 
 
Բնականաբար, Լավրովի հայտարարությանը հետևեց Հայաստանի արտգործնախարարության արձագանքը, որում, սակայն, առկա է տոնայնության որոշակի անհստակություն:
 
ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, «Արմենպրեսի» հետ զրույցում մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշեց, որ խոսքն իրականում գնում է «փաթեթային կարգավորման փուլային իրականացման» մասին:
 
«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները», - ասաց Բալայանը, թեև Լավրովի խոսքում, կարծես թե, բավականին հստակ արտահայտվել էր, որ «փուլային մոտեցում է պետք»:
 
Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցի շուրջ նման զարգացումների համատեքստում, սակայն, Բալայանի հայտարարությունը որոշ տարակարծությունների տեղիք է տալիս:
 
Մի կողմից, Հայաստանն արձագանքում է Ռուսաստանի կողմից իր շահերից չբխող հայտարարությանը և տարածում մեկնաբանություն, որում պնդում է իր որդեգրած դիրքորոշումը՝ կարծես ևս մեկ անգամ հիշեցնելով, որ լուծումը պետք է լինի փաթեթային:
 
Մյուս կողմից, սակայն, Բալայանի մեկնաբանությունը ավելի շատ նմանվում է Լավրովին արդարացնելու փորձի, քանի որ ՌԴ արտգործնախարարի խոսքերը ոչ թե քննադատվում են, այլ, այսպես ասած, լրացվում: Ավելին, որոշ առումով փակվում է դրանց քննադատության ճանապարհը՝ տպավորություն ստեղծելով, որ Լավրովի խոսքերը չեն հակասում հայկական կողմի շահերին:
 
Այսպիսով, ստացվում է մի անհասկանալի իրավիճակ, երբ պարզ չէ Տիգրան Բալայանը արդարացնելով հակադարձո՞ւմ է Սերգեյ Լավրովին, թե՞ հակադարձելով արդարացնում:
 
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 323 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար