Քննարկում՝ Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքների, խնդիրների և հեռանկարների վերաբերյալ

18-01-2018 15:56:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանում հունվարի 18-ին տեղի է ունեցել «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը, այլք:
 


Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով, Պրոբացիայի ծառայության գործարկմամբ ՀՀ կառավարությունը ամրագրեց ու հաստատեց վերականգնողական արդարադատության համակարգերի ներդրմանն ուղղված իր կամքը, ինչը նշանակում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել ոչ միայն անձին պահելով  ազատազրկման վայրերում, այլև նրան վերասոցիալականացնելով: «Շատ կարևոր ու սկզբունքային փոփոխություններ են կատարվել, ինչի շնորհիվ էլ մենք նախորդ տարի լուրջ արդյունքներ ենք գրանցել: Նախ արդեն կարող ենք ասել, որ Պրոբացիայի ծառայությունը կայացել է՝ որպես առանձին, անկախ կառույց, ինչի հիմքում էլ դրվել է ամենակարևոր սկզբունքը, ըստ որի՝ մենք անձի պատժի իրականացումը համարում ենք անձի վերասոցիալականացումը, վերաինտեգրումը հանրային կյանքին»,-ասել է Ս. Քրմոյանը:
Արդարադատության նախարարի տեղակալը հավելել է, որ Պրոբացիայի ծառայությունում հիմնական նպատակ է սահմանվել ազատազրկված անձի բոլոր պահանջմունքների վերհանումն ու դրանց արդյունքում ճիշտ և թիրախավորված, անհատական աշխատանք կատարելը:
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանն էլ նշել է, որ մեկ տարվա ընթացքում Ծառայությունում կատարվել է բավական աշխատանք և շեշտել, որ  Պրոբացիայի ծառայությունը դեռևս գտնվում է կայացման փուլում:  Այնուհետ, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության ներկայացուցիչներ Աստղիկ Խաչատրյանն ու Արամ Դարբինյանը ներկայացրել են  կառույցի առաջին տարվա գործունեության արդյունքները:
 Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան:
 
29.12.2017թ. դրությամբ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված են 3088 դատապարտյալ:
Նրանց նկատմամբ նշանակվել է 1866 պատիժ, իսկ 1412-ը գտնվում են վերահսկողության ներքո:Նրանցից 1270-ը դատապարտվել են տուգանքի, 205-ը զրկվել են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, 391-ը կատարում են հանրային աշխատանքներ:1265-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան, 137-ը պայմանական վաղաժամկետ ազատվել են քրեակատարողական հիմնարկներից, իսկ 10-ը պատիժը հետաձգված է մինչև առողջանալը կամ երեխայի 3 տարեկան դառնալը:3088 դատապարտյալից 190-ն ունեն կրկնակի պատիժ կամ վերահսկողություն:3088 դատապարտյալից 332 կանայք են, իսկ 47-ը՝ անչափահաս:2017թ. ընթացքում տուգանք պատժատեսակի կատարման արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է մոտ 227 մլն դրամ:
 
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 132 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար