Մենք այլևս կարիք չունենք դատարանում ապացուցել Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը. Արդեն հստակ է՝ նա քաղաքական բանտարկյալ է (տեսանյութ)



22-01-2018 17:00:07   | Հայաստան  |  Իրավունք
 

Մենք այլևս կարիք չունենք դատարանում ապացուցել Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունը. Արդեն հստակ է՝ նա քաղաքական բանտարկյալ է: 
 
Նման հայտարարությամբ հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան փաստաբաններ՝ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը, Տիգրան Եգորյանը: 
 
Ըստ Արայիկ Պապիկյանի՝ 8 ամիս շարունակվող դատավարությունն ընթանում  է առանց կանոնների: 
 
«Հատկապես պաշտպանական կողմի համար դատարանն իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնք մեզ համար ընկալելի չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք չեն իրականացվում քրեական դատավարության  օրենսգրքով նախատեսված և սահմանված կարգով»,- նշեց Ա. Պապիկյանը՝ շեշետելով, որ գրեթե յուրաքանչյուր նիստի ընթացքում պաշտպանյալները բախվում են այնպիսի իրավիճակի, երբ դատարանը ստիպում է պաշտպանական կողմին կամ հարմարվել իրավունքի հետ առնչություն չունեցող իրավիճակին, կամ բարձրաձայնելու դեպքում՝ պատժվել սանկցիաների կիրառմամբ և դատարանի դահլիճից հեռացմամբ:  
 
Փաստաբանի պնդմամբ՝  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 29 դատական նիստ է իրականացվել, որոնցից և ոչ մեկի ընթացքում դատարանը թույլ չի տվել Ժ. Սեֆիլյանին արտահայտվել՝ սահմանափակելով վերջինիս արտահայտվելու իրավունքը: 
 
Ա. Պապիկյանի կարծիքով՝ դատավարությունը մոտեցել է ավարտական փուլին, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, արդարադատություն ակնկալելը պարզապես միամտություն կլինի: 
 
«Սա ցույց է տալիս այն իրողությունը, որ Սեֆիլյանի գործով իրականացվող ամբողջ գործընթացն արդարադատություն չէ, այլ քաղաքական պատվերի շրջանականերում տեղավորված քաղաքական հետապնդում և հաշվեհարդար»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը ևս միացել է քաղաքական իշխանությանը և կատարում է նրա կողմից նախապես կազմված սցենարը: 
 
Ա. Պապիկյանը մտավախություն ունի, որ քաղաքական իշխանությունները, թույլ տալով դատավարություններն անցկացնել կոպտագույն խախտումներով, ցանկանում են հնարավորինս եկար տարիներով ազատազրկել Ժ. Սեֆիլյանին: 
 
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի գնահատմամբ՝ դատարանն ու դատախազությունը գտնվում են օրենքից դուրս և կայացնում են կամայական որոշումներ, որոնք ոչ մի կապ չունեն օրենքի պահանջների և արդարադատության հետ:  
 
Նա հիշեցրեց, որ Ժ. Սեֆիլյանի նկատմամբ առաջ քաշված հիմնական մեղադրանքն ապօրինի զենքի շրջանառության մեջ մասնակցությունն է և շենք-շինություններ զավթելու մտադրությունը: 
 
Տ. Հայրապետյանի խոսքերով՝ նշյալ մեղադրանքն առաջ է քաշվել երկու վկայի՝  Սմբատ Գալոյանի և Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքների վրա, որոնց հետ Սեֆիլյանի հնարավոր հանդիպումը հավաստող գոնե մեկ ապացույց այդպես էլ չի հայտնաբերվել. «3-5 տարի պարբերաբար ձայնալսվել են Ժ. Սեֆիլյանի բոլոր զանգերը, և գոնե մեկ հեռախոսազանգ չկա, որ Սեֆիլյանը պայմանավորվել է կամ հանդիպել է Հ. Պետրոսյանի հետ: Դատաքննության ընթացքում բացահայտվեց, որ ցուցմունք տված ամբաստանյալների նկատմամբ բռնություն է գործադրվել, և միայն Հ. Պետրոսյանը չէր նշել, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, սակայն վերջին դատական նիստի ընթացքում հենց նրա պաշտպանը կանգնեց և հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հոգեբանական բռնություններ են գործադրել` կորզելով ցուցմունքներ»:   
 
Փաստաբանի պնդմամբ՝ Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարության ընթացքում արձանագրված օրենքի բոլոր կոպտագույն խախտումների «հեղինակային» իրավունքը պատկանում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, որի կամայականություններից հետո մյուս դատավորներն էլ են սկսել օրենքից դուրս որոշումներ կայացնել: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից