Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

23-01-2018 15:32:01   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել  միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում  «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր: 
 

Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության հետ համագործակցության հեռանկարները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ՝ նշելով, որ լինելով ԵԱՏՄ անդամ, Հայաստանն  օգտվում է նաև Եվրամիության  GSP+  արտոնյալ ռեժիմից, իսկ հարևան Իրանի հետ սահմանին ստեղծվում է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որը գործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել: Զրուցակիցներն անդրադարձել են  փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:
«Մեծ եռյակ»-ում, բացի «Բի Սի Ջի»-ից, ընդգրկված են նաև McKinsey և  Bain & Company ընկերությունները: Ներկայումս  «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի  50 երկրում:
Վարչապետի մյուս հանդիպումը  «ՎԵՈՆ» ( VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի հետ և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ էր: 
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը: 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար: 
ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով, և իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: «Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար», - նշել է Ժան Իվ Շարլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 87 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար