Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

23-01-2018 17:05:51   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ: 
Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: 
 

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մենք գնահատում ենք ձեր անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. դա վերաբերում է և՛ Ցեղասպանության ճանաչմանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշմանը, և՛ մի շարք այլ հարցերի», - ասել է Կարեն Կարապետյանը: 
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության և մի շարք այլ որորտներում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ  անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել և վստահություն  է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու: Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ,  աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ  առկա է այն զարգացնելու մեծ ներուժ: 
Կողմերը քննարկել են առևտրական պալատի ստեղծման, ինչպես նաև՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության և  նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի  ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 118 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար