Ժամանակն է, որպեսզի պետական համապատասխան օղակներն իրենց ձեռքը վերցնեն համացնացում հայատառ գրելու նախաձեռնությունը․ (տեսանյութ)

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է



07-02-2018 15:29:28   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Ժամանակն է, որպեսզի պետական համապատասխան օղակներն իրենց ձեռքը վերցնեն համացնացում հայատառ գրելու նախաձեռնությունը և ավելի պրոֆեսիոնալ կերպով աջակցեն այս գործընթացի մասայականացմանը: 
 
Այս մասին փետրվարի 7-ին՝  Համացանցում հայատառ գրելու օրվա կապակցությամբ հրավիրված սուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանը՝ չբացառելով օրենսդրական համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը: 
 
Ըստ նրա՝ փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր հռչակելու նախաձեռնության հիմքը դրվել է 2012 թվականին, իսկ օրվա ընտրությունը որևէ խորհուրդ չունի: 
 
«Ի զարմանաս շատերի՝ նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ, բոլոր լրատվամիջոցների թոփ թեման էր, և մարդիկ սկսեցին մտածել՝ ինչո՞ւ մենք չենք գրում հայատառ»,- նշեց Զ. Եգանյանը՝ հավելելով, որ այն տարիներին տեխնիկական հնարավորությունները սահմանափակ էին և բազմաթիվ խնդիրներ էին առաջանում:  
 
Նրա խոսքերով՝ նախկինի համեմատությամբ տեխնիկական առումով իրավիճակն ավելի բարվոք է, մինչդեռ համացանցում լատինատառ գրողների թիվը շարունակում է գերակշռող մնալ: 
 
«Որպես նախաձեռնության հեղինակ՝ պատրաստ եմ ցանկացած ձևաչափով այս հարցը քննարկել պետական այրերի հետ. վերջապես մենք պետք է այս հարցով պրոֆեսիոնալ զբաղվենք: Մենք լուրջ խնդիր ունենք մեսրոպատառ հայերենը գալիք սերունդներին փոխանցելու հարցում, քանի որ նոր սերունդը հայրերեն սովորում է ոչ թե մեր պես գրելով, այլ թաչ էկրաններով, այն էլ ոչ մեսրոպատառ գրագրություն վարելով»,- շեշտեց Զ. Եգանյանը: 
Իր հերթին « Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց, որ հայատառ դոմեյնային անունների տրամադրումը ևս սկսվել է 2012 թվականից, իսկ հասարակական քննարկումների արդյունքում որոշվում է հայատառ դոմենային անունը գրանցել «.հայ»-ով: 
 
«Այսօր գրանցված է մոտ 300 հայատառ դոմեյն, սակայն շատ խնդիրներ կան, մասնավորապես, ընկալման հետ կապված: Մարդիկ հայատառ դոմեյնային անունը չեն ընկալում որպես համացանցին միանալու հնարավորություն, և այս խնդիրը միայն մեզ մոտ չէ»,- փաստեց Գ. Սաղյանը՝ տեղեկացնելով, որ հայատառ դոմեյնների առաջխաղացման ծրագիր են մշակել, որի շրջանակներում անվճար հայատառ դոմեյնային անուններ են տրամադրում հասարակության վստահությունը վայելող և հայտնի անձանց: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 779 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար