Երթուղիներ կան, որտեղ բանակից նոր եկած և ամուսնացած տղաներ են աշխատում, գոնե թողնեն այդ երթուղիներն աշխատեն, որպեսզի սրանք էլ չգնան. գծատեր (տեսանյութ)



09-02-2018 17:21:51   | Հայաստան  |  Հասարակություն
 

«Երթուղիներ կան, որտեղ բանակից նոր եկած և նոր ամուսնացած տղաներ են աշխատում, գոնե թողնեն այդ երթուղիներն աշխատեն, որպեսզի սրանք էլ չգնան»,- նշում է Երևան քաղաքի թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հասարակական տրանսպորտն առանց գծատերերի ու «Գազելների»» թեմային: 
 
Ըստ նրա՝ Երևան քաղաքում երթուղային նոր ցանցի ներդրման դեպքում գործազուրկների թիվն ավելանալու է, ինչն էլ իր հերթին նպաստելու է արտագաղթի ավելացմանը:  
 
«Այսօր իմ մոտ աշխատում է բանակից եկած 8-10 զինվոր, եթե հիմա ես իրենց հանեմ, թողնելու են գնան Ռուսաստան: Դրա համար առաջարկում եմ թողնեն գոնե նեղ փողոցներում գազելներն աշխատեն»,- ասաց Վ. Աբրահամյանը՝ հավելելով, որ առանց այդ էլ վարորդները զզվել փախել են Հայաստանից: 
 
Խոսելով թիվ 28 երթուղու շարժակազմը թարմացնելու մասին՝ բանախոսը շեշտեց, որ այսպես կոչված գծատերերի մեծ մասը շարժակազմը չի թարմացնում, քանի որ չգիտի, թե վաղն ինչ է լինելու տվյալ երթուղու և գազելների հետ: 
 
Վ. Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի թիվ 28 երթուղին գործում է 20 տարուց ավելի, իսկ այդ ընթացքում նա 1 մլն դոլար արժողությամբ գազելների վերանորոգման արհեստանոց է բացել, որի հետագա ճակատագիրն այժմ անհայտ է: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից