Նախարարը այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր․(տեսանյութ)



20-02-2018 18:18:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Վանաձոր-Ալավերդի ռազմավարական նշանակության միջպետական (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են։
 
Մեղմ ձմեռը բարենպաստ է շինարարության համար։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած ճանապարհաշինական հսկայածավալ այս ծրագրի մի շարք հատվածներում աշխատանքների արդյունքն արդեն ակնհայտ է։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական աշխատանքային այցը կատարեց շինարարական տեղամասեր։
 
Աշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով ճանապարհը բաժանված է 3 տեղամասերի, որոնցում տարբեր կազմակերպություններ աշխատում են միաժամանակ։
 
Առաջին տեղամասում ընթանում են ճանապարհի լայնացման, հենապատերի կառուցման, անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Մի շարք հատվածներում ասֆալտբետոնե պատվածքի ներքին շերտն արդեն տեղադրվել է։ Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով  խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները ևս մոտենում են հանգուցալուծման։
 
Նախարարին ներկայացվեց իրավիճակը. խողովակներն արդեն տեղադրված են, մնում է միացումները կատարել։ Ջրանջատումից հետո կսկսվեն հողի խտացման աշխատանքները:
 
Նախարարը հանձնարարեց պահպանել շինարարության ժամկետները, բոլոր աշխատանքներում ապահովել բարձր որակ։
 
Ճանապարհի առավել վտանգավոր ոլորապտույտներից մեկում ավարտվել է հենապատի կառուցումը։ Այստեղ կատարվել է ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի  փոփոխություն, որի արդյունքում մեղմվել է երկայնական թեքությունը: Հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ։ Արդյունքում մեծացել է տեսանելիության աստիճանը՝ առավել անվտանգ դարձնելով կտրուկ շրջադարձը։
 
Հարակից հատվածով անցնող երկաթգծի հողային պաստառի հնարավոր փլուզումները կանխելու նպատակով էլ այս տեղամասում կառուցվել են միաձույլ բետոնե և խամքար բետոնե հենապատեր։ Այդպիսի հենապատեր են կառուցվում նաև այն հատվածներում, որտեղ գետը վարարելու դեպքում կարող է ճանապարհը ողողելու վտանգ առաջացնել։
 
Ընդհանուր առմամբ, հողային պաստառը վերակառուցելու նպատակով կատարվել են հողային աշխատանքներ, հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման և վերակառուցման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքներ:
 
Բացի այդ, հիմնանորոգվող ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապետներ և արգելապատնեշներ։
 
Շարունակվում են նաև թունելների և կամուրջների վերակառուցման աշխատանքները: 106մ երկարությամբ  թունելում արդեն ավարտվել է մուտքի երեսպատումն ու մայթերի կառուցումը։ Ընթացքի մեջ են ներքին  հարդարման աշխատանքները։
 
Հաջորդ՝ 280մ երկարությամբ թունելում, մուտքի անվտանգությունն ապահովելու նպատակով, կատարվում է գալերիայի կառուցում։ Սա նշանակում է, որ թունելի հիմնական երկարությունը կավելացվի ևս 25մ-ով, ինչը կկանխի հնարավոր քարաթափումների վտանգը։ Շինարարները նախարարին մանրամասնեցին աշխատանքների ընթացքը։ Նշեցին, որ աշխատանքները կավարտեն նախանշված ժամկետի շրջանակներում։
 
Երրորդ՝ 181մ երկարությամբ թունելի մուտքի գալերիան արդեն կառուցվել է։ Այստեղ ևս 25մ-ով թունելը երկարացվել է։ Ավարտված է նաև հիմքի և իրանների կառուցումը։
 
Այցի ընթացքում նախարարին ներկայացվեցին 5 թռիչքանի կամրջի վերակառուցման առանձնահատկությունները, նաև՝ Շնողի հիդրոէլեկտրակայանի ջրառի գլխամասի կառուցմամբ պայմանավորված հատակագծի փոփոխության մանրամասները։ Նշվեց, որ նախագծողների համապատասխան աշխատանքներից հետո այս հատվածում ճանապարհաշինական աշխատանքները կվերսկսվեն։
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց շարունակել և նախանշված ժամկետներում ավարտին հասցնել ճանապարհի վերակառուցումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին։
 
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 155 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար