Տեղի է ունեցել տեսաժողով Եվրոպայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

20-02-2018 18:15:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Եվրոպայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հայաստանից տեսակապին մասնակցում էին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ:
 
Տեսաժողովին Եվրոպայից մասնակցում էին  «Հայկական նորություններ» ամսագրի թղթակից Գրիգոր Ամիրզայանը (Ֆրանսիա), «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա), «Ազատ Օր» օրաթերթի լրագրող Հովսեփ Բարազյանը (Հունաստան), «Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Սոսի Սուսանյանը (Հունգարիա), «Գիբրահայեր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեճյանը (Կիպրոս), «Բարեգործականի ձայն» (ՀԲԸՄ) պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Երնիասյանը (Բուլղարիա), «Վատիկան» ռադիոյի հայկական բաժնի տնօրեն և «Տելեպաս Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Ռոբերտ Աթթարյանը (Իտալիա):
Ողջունելով առցանց հանդիպման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նման ձևաչափով քննարկումները մեծապես կնպաստեն համաժողովի առավել  արդյունավետ ու նպատակային կազմակերպմանը: Նա մասնավորապես նշեց. «Վստահ եմ, որ բոլորդ կմասնակցեք համաժողովին և ձեր հարցադրումներով, ձեր օրինակն ու փորձը ներկայացնելով կնպատեք համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորմանը: Գիտեմ, որ ձեր լրատվամիջոցները ունեն բազում խնդիրներ, որոնք մենք միասնաբար պետք է փորձենք հաղթահարել: Մենք արդեն միասին 5-րդ անգամ ենք  կազմակերպում լրագրողների համահայկական համաժողովը, գործում է լրագրողների ընկերակցությունը, որոնք միմյանց հետ հաղորդակցվելու և խնդիրներ արծարծելու լավագույն հարթակներ են:  Այս տարի կփորձենք համաժողովը կազմակերպել քննարկումների ինտերակտիվ ձևաչափով: Կարծում եմ ձեր լրատվամիջոցներն այս տարի համակողմանիորեն կներկայացնեն Հայաստանի հանրապետության վերահաստատման և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների և Երևանի 2800 ամյակի միջոցառումները՝ հայոց պետությունն ու  հայ մշակույթը ճանաչելի դարձնելով ամբողջ աշխարհին: Վստահ եմ, որ օբյեկտիվ և պատշաճ կներկայացնեք նաև Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները»:
Քննարկվեցին լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի թեմատիկ ուղղություններին և համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր: 
 Կարևորվեց օտար լրատվամիջոցների հայ լրագրողների ներգրավումը համաժողովի աշխատանքներում և համահայկական խնդիրների ներկայացման գործընթացում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից