Արդյունքը ծանր կլինի ոչ միայն Սիրիայի, Թուրքիայի և տարածաշրջանի համար, այն կարող է շատ ծանր լինել նաև ողջ աշխարհի համար

Թուրքիայի փոխվարչապետը դեռ նույնիսկ շատ համեստ է արտահայտվել

22-02-2018 21:43:30   | ԱՄՆ  |  Քաղաքական
 


 
 
 
Սիրիայի ԶԼՄ-ներն օրերս տեղեկացրել են, 2018 թ. հունվարին Սիրիայի Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի բանակի հարձակումից հետո զոհվել են Սիրիայի 171 խաղաղ քաղաքացիներ, վիրավորների թիվը հասնում է 458-ի: ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, սիրիական մամուլը փետրվարի 18-ին հաղորդել է նաև, որ Աֆրին քաղաքի դեմ Թուրքիայի բանակի հարձակման հետևանքով ծանր վնաս են կրել խաղաղ քաղաքացիների տները և այդ քաղաքի ենթակառուցվածքները:
Սիրիայի ԶԼՄ-ները միաժամանակ տեղեկացրել են, որ թուրքական կողմի զինուժին դիմակայելու նպատակով, Սիրիայի բանակի ու Սիրիայի ժողովրդական ջոկատների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Սիրիայի բանակը մուտք է գործելու Աֆրինի տարածք:
Հիշենք, որ Աֆրինի վրա Թուրքիայի բանակի հարձակումից հետո Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է այդ քաղաքի դեմ Թուրքիայի բանակի ռազմական գործողությունը և հայտարարել, որ Թուրքիան այդպիսով ոտնահարել է Սիրիայի ազգային ինքնիշխանությունը:
Չնայած Աֆրինն արագորեն գրավելու Էրդողանի հայտարարությանը, թուրքական բանակին և Թուրքիայի բազմակողմ աջակցությունն ունեցող, նրա կողմից կռվող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինյալ խմբավորմանը դա դեռ չի հաջողվել, քանի որ քրդերը մեծ թիվ են կազմում և զինված լինելով ԱՄՆ-ի տված ժամանակակից զենքերով, լուրջ դիմադրություն են ցույց տալիս:
Փորձելով կատարել քրդերի հարցն արագորեն լուծելու վերաբերյալ թուրք հասարակությանն իր տված խոստումը (պատերազմի անցած շուրջ 1 ամսում թուրքական կողմը, նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն, ավելի քան 300 զոհ է տվել, կորցրել թանկարժեք տեխնիկա, բացի այդ, պատերազմի յուրաքանչյուր օրը հսկայական ծախս է Թուրքիայի բյուջեի համար), Թուրքիայի բանակը, ըստ որոշ տեղեկությունների, անցել է քրդերի դեմ նապալմի, ինչպես նաև քիմիական զենքի կիրառման: Համենայն դեպս, այդ մասին հայտնել են քրդական աղբյուրները: Ըստ նրանց տեղեկացման, մարտագլխիկում թունավոր գազ պարունակող հրթիռներով իրականացված հարձակման հետևանքով տուժել են Աֆրինում գտնվող Ալ-Մզեյնա գյուղի վեց բնակիչներ: Այդ մասին հայտնել է նաև ՏԱՍՍ-ը, որի հաղորդման համաձայն, տեղի հիվանդանոցի բժիշկ Ջոան Մուհամմադը հայտարարել է տուժածներից երկուսի վիճակի ծանր լինելու մասին: Աֆրինի հիվանդանոցի բժիշկների կարծիքով, թուրքական զորքերը քլոր են կիրառել։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին է վկայում այն փաստը, որ նրանք չարձագանքեցին Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությանը, չսպառնացին հարվածներ հասցնել Թուրքիային, ինչպես Սիրիայի նկատմամբ են վարվում: Մինչդեռ, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը անցյալ տարի ոչ թե սպառնաց, այլ շինծու պատրվակով, առանց Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցի, հրթիռային հարված հասցրեց Սիրիայի ռազմաօդային բազաներից մեկին, և այս տարի էլ է փորձում դարձյալ նույնաբնույթ շինծու մեղադրանքով հարվածել Սիրիային, համենայնդեպս, դրա համար քարոզչական, քաղաքական հենք է նախապատրաստում:
Քրդերը նեղն ընկնելով, իրենց զինուժի համեմատ Թուրքիայի բանակի անվիճելի գերազանցությունը գիտակցելով ու հասկանալով, որ, ուշ թե շուտ, կորցնելու են Աֆրինը, վերջերս Աֆրինի պաշտպանության համար օգնություն են խնդրել Սիրիայի իշխանություններից: Եվ սա` այն դեպքում, երբ մոտ 40 օր առաջ, մինչ Թուրքիայի հարձակումը, կտրականապես մերժել են Աֆրին նույն նպատակով Սիրիայի բանակի ստորաբաժանումներ մտցնելու վերաբերյալ պաշտոնական Դամասկոսի առաջարկը, հայտնել, որ չեն թույլատրի Սիրիայի բանակի մուտքն այնտեղ: Պատկերացնո՞ւմ եք` Սիրիայի տարածքում իրենց պետությունը հռչակելու անջատական գաղափարից (ամերիկյան ներշնչմամբ) այնքան էին կուրացել, որ Սիրիայի իշխանություններին ասել էին` չենք թույլատրում Սիրիայի բանակի մուտքն Աֆրին, կարծես թե Աֆրինն այլևս Սիրիայի տարածքում չէ: Սա նշանակում է հակադրվել իր իսկ երկրի տարածքում իր բանակային ուժերը տեղաբաշխելու պետության կամքին: Սիրիայի իշխանություններն իրենց զինծառայողների շրջանում ավելորդ զոհերից խուսափելու նպատակով, այն ժամանակ խելացի վարվեցին` Աֆրին զորք չուղարկելով ու քրդական ուժերին չբախվելով` այդ գործը թողնելով Թուրքիային` նախապես հավաստի տեղեկատվություն ունենալով, որ Սիրիայի տարածք է մտնելու և քրդերին իրենց տեղը դնելու համար դեպի Աֆրին է առաջանալու Թուրքիայի բանակը, որից հետո քրդերն իրենք են խնդրելու, որ Սիրիայի բանակը մտնի Աֆրին: Հենց այդպես էլ եղավ:
Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Աֆրինում գտնվող քրդական ջոկատները, որոնք նախկինում պայքարում էին Ասադի վարչակարգի դեմ, Սիրիայի կառավարության հետ համաձայնության են եկել` Թուրքիա-Սիրիա սահմանին գտնվող  Աֆրինի շրջան Սիրիայի բանակի մուտք գործելու, մի քանի օրով այնտեղ տեղակայվելու և թուրքական կողմի զինուժին դիմակայելու վերաբերյալ: Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հղում կատարելով պաշտոնական որոշ աղբյուրների վրա, հայտնել է, որ Սիրիայի բանակն այդ նպատակով մարտական պատրաստվածության է բերվել:
Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) լրատվական հարցերով խորհրդական Ռիզան Հադուն օրերս ասել է. «Ողջունում եմ այն որոշումը, որ սիրիական բանակը Աֆրինը պաշտպանի Թուրքիայի հարձակումից, քրդական ստորաբաժանումները չեն կարող  հետ պահել որևէ սիրիացու, ով կփորձի պաշտպանել Աֆրինը»:
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը, ինչպես տեղեկացրել է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, փետրվարի 19-ին հերքել է լուրերը, թե տեղի քրդական զինված ջոկատներին աջակցելու նպատակով, Սիրիայի բանակը մտնելու է Աֆրինի շրջան:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը,- ասել է նա:- Եթե նույնիսկ սիրիական լրատվամիջոցները նման լուր են տվել, իշխանություններն այն որևէ կերպ չեն հաստատել: Ըստ մեր անվտանգության ուժերի կողմից մեզ հասած տեղեկատվության, սիրիական կողմը որևէ ռազմական ուժ Աֆրին չի ուղարկել, դրա մասին խոսք չկա: Մեր հետախուզությունն ու անվտանգության ուժերն ուշիուշով հետևում են այս լուրերին»:
Թուրքիայի փոխվարչապետը նաև հավելել է, որ եթե, ամեն դեպքում, սիրիական բանակը մուտք գործի Աֆրին, «արդյունքը ծանր կլինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի, և՛ տարածաշրջանի համար»:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում տարածաշրջանի համար սպասվող արդյունքի ծանր լինելու վերաբերյալ Բեքիր Բոզդաղի ակնարկը շատ պարզ է. եթե Սիրիայի բանակը մուտք գործի Աֆրին ու բախվի թուրքական կողմի հետ, այն կարող է վերաճել երկու պետությունների միջև պատերազմի, որում անխուսափելիորեն Սիրիայի կողմից ներգրավվելու են Ռուսաստանը, Իրանը, Լիբանանի «Հըզբոլահ»-ը, իսկ հակառակ կողմից, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը` ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակիցների հետ միասին, հնարավոր է նաև` Իսրայելը: Թուրքիայի փոխվարչապետը դեռ նույնիսկ շատ համեստ է արտահայտվել, քանի որ նման բախումը ոչ թե ծանր, այլ շատ ծանր հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար:
Բեքիր Բոզդաղից բացի, նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել է, որ եթե Սիրիայի բանակը մտնի Աֆրին ու օգնի քրդական զինված ուժերին, թուրքական բանակը հակահարված կտա:
«Եթե Սիրիայի բանակը մտնի Աֆրին ու օգնի «Ժողովուրդների պաշտպանության ջոկատներին», որևէ մեկը չի կարողանա կանգնեցնել թուրքական ուժերին» (Սիրիայի բանակին հարվածելու առումով.- Ա. Հ.),- ասել է Չավուշօղլուն` ակնարկելով Ռուսաստանին և Իրանին:
Թվում էր, թե ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը շատ լավ գիտակցում է նաև պաշտոնական Դամասկոսը, սակայն փետրվարի 20-ին տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են քրդաբնակ Աֆրինի շրջան: Այդ օրը Քրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) հայտարարել են, որ Սիրիայի կառավարությունն Աֆրին է ուղարկել զինվորական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվելով Թուրքիայի հետ սահմանին, պետք է ետ մղեն թուրքական բանակի հարձակումը: Նրանք Աֆրին են մտել ջիպերով: Սակայն, ի պատասխան Սիրիայի կառավարամետ ուժերի այս քայլի, Թուրքիայի բանակն Աֆրինում նրանց ռմբակոծել է: Սիրիական ուժերը, ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության հրապարակման, նախազգուշացնող կրակոցներից հետո ետ են քաշվել: Նույն գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի զինուժը հունվարի 21-ին շարունակում է օդային հարվածները Աֆրինում գտնվող քրդերի դիրքերին, իսկ «Սիրիայի ազատ բանակ»-ի անդամներին արդեն հաջողվել է ներխուժել Աֆրինի տարածք:
«Հասկանալի է, որ  PYD և YPG-ի («Դեմոկրատական միություն» կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների.- Ա. Հ.) և ռեժիմի (Բաշար Ասադի.- Ա. Հ.) միջև համաձայնության վերաբերյալ լուրերը կրում են քարոզչական բնույթ,- փետրվարի 20-ի երեկոյան Թվիսթերի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը:- Սակայն դա չի նշանակում, որ մութ, կեղտոտ գործարքներ չեն ընթանում: Բայց ով էլ ինչ էլ անի, «Ձիթենու ճյուղը» պետք է շարունակվի և հասնի իր նպատակին»:
Ինքը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Աֆրին սիրիական ուժերի մուտքի վերաբերյալ նույն օրվա երեկոյան հայտարարել է, որ «Որոշ մերձկառավարական ուժեր (սիրիական.- Ա. Հ.) փորձել են մոտենալ սիրիական Աֆրինին, սակայն հրետակոծությունից հետո նահանջել են»:
Թուրքիայի նախագահը այնուհետև հայտարարել է. «Այժմ այդ հարցը փակված է: Մոտակա օրերին մենք կշրջապատենք Աֆրին քաղաքի կենտրոնը»:
Էրդողանի խոսքերով, այդ հաշվով (սիրիական բանակի` Աֆրին չմտնելու.- Ա. Հ.) ինքն ունի պայմանավորվածություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փետրվարի 19-ին նրանք խոսել են հեռախոսով:
Այնուհանդերձ, «RT Arabic» հեռուստաընկերությունը փետրվարի 21-ի երեկոյան տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է մի քանի ջիպերով, «Սիրիայի ժողովուրդը միասնական է» կարգախոսը վանկարկող զինված մարդկանց մուտքը քաղաք: Մեքենաների վրա ծածանվել է Սիրիայի պետական դրոշը: Այդ ռեպորտաժում թղթակիցը հավաստել է, որ չնայած թուրքական բանակի հրաձգությանը, մերձկառավարական ջոկատների մի մասին, այնուհանդերձ, հաջողվել է մտնել Աֆրին: Փետրվարի 21-ին այդ տեղեկատվությունը հաստատել է Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Հեդը:
«Էրդողանը, պարզվում է, ճանապարհային վատ ոստիկան է` հայտարարելով, թե ինքը կանգնեցրել է շարժումը սիրիական ուժերի, որոնք ուղևորվում էին Աֆրին,- «РИА Новости»-ին ասել է Ռեյզան Հեդը:- Այդ խոսքերը ճիշտ չեն` ուժերն արդեն Աֆրինում են»:
Ինչպես ակնհայտ է, Աֆրինում իրավիճակի վերաբերյալ թուրքական ու սիրիական աղբյուրների հայտնած տեղեկությունները խիստ հակասական են: Այնուհանդերձ, դատելով ամենից, Աֆրինում և Աֆրինի շուրջ իրավիճակն առաջիկայում էլ ավելի է թեժանալու: Քրդերն էլ են դա գիտակցում, և նրանք դիմել են մի ուշագրավ քայլի: Շատ լավ հասկանալով, որ Աֆրինը գրավելուց հետո թուրքական բանակը շարժվելու է Հալեպի` քրդերի վերահսկողության ներքո գտնվող շրջաններ, գերակշիռ մեծամասնությամբ քրդերից բաղկացած և հակակառավարական խմբավորում հանդիսացող Սիրիայի դեմոկրատական ուժերը Սիրիայի կառավարության հետ համաձայնության գալուց հետո, փետրվարի 20-ին նրան են հանձնել Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող  Շեյխ Մակսուդի, Աշրաֆիայի և Ալ Հեյդարիայի թաղամասերի վերահսկողությունը: Քրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարությանն են փոխանցել նաև ալ-Խալյակ, Բաիդին, աշ-Շաֆիֆ և Շեյխ Հիդր շրջանների վերահսկողությունը: 
Հալեպն «Իսլամական պետությունից» և ահաբեկչական այլ կազմակերպություններից ազատագրելուց հետո, վերոնշյալ թաղամասերը գտնվում էին քրդական ուժերի վերահսկողության ներքո, բայց այժմ հենց վերջիններիս համաձայնությամբ, Սիրիայի բանակին կապված ժողովրդական ուժերը Նեբել քաղաքի և  Ալ-Զայար միջանցքի ճանապարհով մտել են նշված թաղամասեր: Քրդերը հիշյալ թաղամասերի վերահսկողությունից հրաժարվելով, այսպիսով հնարավորություն են ստացել այնտեղից իրենց զինուժը հանել ու տանել` Աֆրինում թուրքական կողմին դեռ դիմակայող իրենց ազգակիցներին օգնելու: Դեռ որքա՞ն կդիմանան նրանք…
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 12192 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար