Համաձայն Ազգային կինոկենտրոնի նոր կանոնակարգի, այսուհետ կինոարտադրությամ կզբաղվեն կինոարտադրող ընկերությունները.168.am

06-03-2018 16:06:03   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

168.am ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեցին ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգը, ինչպես նաև անդրադարձան ոլորտի հիմնախնդիրներին:

 


«Կինոկենտրոնն այլևս չի զբաղվելու կինոարտադրությամբ: Այդ գործով կզբաղվեն կինոարտադրող ընկերությունները»,- ասուլիսի մեկնարկին հայտարարում է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և ներկայացնում Ազգային կինոկենտրոնի նոր կանոնակարգին առնչվող մի շարք այլ դրույթներ.
 
 
«Մենք ստեղծելու ենք երկու հանձնախումբ՝ տեխնիկական և գեղարվեստական, որտեղ ընդգրկված կլինեն ինչպես՝ կինոկենտրոնից, այնպես նաև՝ հրավիրյալ մասնագետներ:
 
Անվանակարգերի հանձնախմբերը կլինեն առանձին, նախատեսված գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար, որտեղ ամեն հանձնախումբ իրավասու կլինի ընտրել իր նախագահին: Տեխնիկական հանձնախմբի մեջ կմտնի կինոկենտրոն ներկայացված հայտերի ճշգրիտ և գրագետ ձևաչափով ներկայացման գործառույթը, ներառելով նաև ներկայացված հայտերի իրավական կողմերը»:
 
Շուշանիկ Միրզախանյանն ընդգծում է՝ այսուհետ Ազգային կինոկենտրոն ներկայացվող ֆիլմերի հայտերի ընտրությանը մասնակցություն կունենան նաև այնպիսի հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Կինեմատոգրաֆիստների և մնացյալ այլ ստեղծագործական միությունները, Կինոակադեմիան, որոնցից ամեն մեկն իր հերթին՝ կներկայացնեն իրենց ներկայացուցիչների անունները (3-5 անուն), որից հետո կինոկենտրոնում կստեղծվի նոր հանձնախումբ, որն արդեն վիճակահանության սկզբունքով կստեղծի համապատասխան հանձնախմբեր, որոնք էլ իրենց հերթին՝ առանձին-առանձին կքննարկեն ներկայացված յուրաքանչյուր հայտ: Հանձնախմբի աշխատանքի թափանցիկությունն ու անկանխակալությունն ապահովելու համար հայտերը կներկայացվեն անանուն, համարակալված:
 
Բանախոսը նկատում է՝ առավել մեծ թվով երիտասարդ ռեժիսորներին կինոարտադրության ոլորտ ներգրավելու նպատակով նախատեսված է արտադրության ֆինանսավորման 30 տոկոսը տրամադրել հենց դեբյուտային ֆիլմերի համար.
 
«Կինոարտադրության փուլերը բաժանված կլինեն էտապների՝ զարգացման, արտադրության և հետարտադրության փուլեր, որի համաձայն, օրինակ՝ ծրագրի զարգացման փուլի համար նախատեսված է տրամադրել Կինոկենտրոնի բյուջեի ֆինանսավորման 5 տոկոսը: Չի բացառվում, որ հաջողությամբ իրականացված արտադրության փուլից հետո կրկին հնարավոր լինի դիմել Ազգային կինոկենտրոն՝ ստանալու հետարտադրական փուլի համար նախատեսված որոշակի աջակցություն ևս»:
 
Ըստ Շուշանիկ Միրզախանյանի՝ գեղարվեստական ղեկավարի գործառույթ Ազգային կինոկենտրոնում այլևս չի նախատեսվում: Ըստ նոր կանոնադրության՝ Ազգային կինոկենտրոնն այլևս ստեղծագործական գործունեություն չի ծավալելու:
 
Տեղեկացնենք, որ Ազգային կինոկենտրոնի բյուջեն այս տարի կազմում է 274 մլն դրամ:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից