Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

06-03-2018 17:35:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Մարտի 6-ին Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի  գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն:
Պատվիրակության կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ Կարին Դոնին-Սոզը, Լիմոնեստի քաղաքապետ, Լիոնի մետրոպոլի ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Մաքս Վենսանը, Լիոն 3 համալսարանի նախագահ  Ժակ Կոմբին, Լիոնի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ, ֆրանսիական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրված համագործակցության հուշագրի առթիվ և այն հայության համար հոբելյանական այս տարում համարեց պատմական իրողություն: « Ռոն Ալպերում ապրում է 150 հազար հայ, որից 50 հազարը բնակվում է Լիոնում: Խորին շնորհակալություն քաղաքային իշխանությանն այն պայմանների համար, որոնց շնորհիվ հայ փոքրամասնությունը կարողանում է պահպանել իր լեզուն, մշակույթը, կրոնը: Ես շատ ուրախ եմ, որ հայերը Ֆրանսիայի հպարտ քաղաքացիներ են, բայց շարունակում են հավատարիմ մնալ իրենց արմատներին, ազգային պատկանելիությանը: Հայ համայնքը իր ներդրումն ունի Ֆրանսիայի մշակույթի, տնտեսության և այլ ոլորտների զարգացման գործում»,-նշեց Սփյուռքի նախարարը: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց նաև, որ Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեծագույն իրողություն է, և անչափ ոգևորիչ է, որ խորհրդանշական այս տարում կմեկնարկի նաև Երևան-Լիոն–Երևան կանոնավոր ուղիղ չվերթը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը նշեց, որ վերջին տասնամյակներին Հայաստանը հաղթահարել է մի շարք դժվարություններ, և սփյուռքը մշտապես ներկա է եղել հայրենիքում: «Նոր էջ է բացվել հայ-ֆրանսիական համագործակցության  պատմության մեջ, և այս նոր շրջափուլում մենք պետք է փորձենք ավելի պրակտիկ և պրագմատիկ գործել, նպաստել մեր երկու քաղաքների փոխգործակցությանը»: Ժորժ Կեպենեկյանն ընդգծեց, որ պատվիակության կազմում են մշակույթի, կրթության, բժշկության, նորագույն տեխնոլոգիաների, տնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, և այսպիսի հանդիպումները, քննարկումները բացում են համագործակցության դռներ ու հեռանկարներ: Անդրադարձ կատարելով Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին՝ Լիոնի քաղաքապետը նշեց, որ  դրանք ոչ միայն ներկայացնում են ֆրանսերենը, այլև մի ամբողջ մշակույթ ու արժեհամակարգ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Ժորժ Կեպենեկյանի ազգանվեր գործունեությունը Սպիտակի երկրաշարժի, Արցախյան պատերազմի, Հայաստանի անկախացման տարիներին. նա, լինելով Ֆրանսիայի ազդեցիկ քաղաքացի, գործիչ, չմոռացավ իր արմատները:
Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից Հայաստանում հիմնված Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Սփյուռքի նախարարը նշեց, որ դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է Երևանում ֆրանսիական համալիր կրթօջախ ստեղծելու գաղափարը՝ ամբողջացնելով մանկապարտեզ, տարրական, հիմնական և ավագ դպրոց և ֆրանսիական համալսարան  շղթան: 
Քննարկվեցին Հայաստանում ներդրումային քաղաքականությանը, բիզնես ոլորտին վերաբերող հարցեր: «Մենք Եվրոպայի և Ասիայի հատման խաչմերուկում ենք, սակայն հայ ժողովուրդը եվրոպական մշակույթի կրողն է, մի մեծ կամուրջ երկու աշխարհամասերի միջև, ասել է թե՝ հնարավորությունների երկիր»,-նշեց Սփյուռքի նախարարը: Հրանուշ Հակոբյանը ֆրանսիացի ճարտարապետներին հրավիրեց մասնակցելու հոկտեմբերին կայանալիք Ճարտարապետների և ճարտարագետների 4-րդ համահայկական համաժողովին, ինչը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների միջև արվեստի և գիտության առաջընթացին:
SOS գրուպի (սոցիալական ընկերություն) արտաքին հարաբերությունների հարցերով ազգային պատվիրակ Ժյուլ Բոյաջյանը ներկայացրեց աշխարհում 480 մասնաճյուղ ունեցող ընկերության գործունեությունը: «Մեր բիզնեսի նպատակը բոլորի բարօրությունն է, և պատրաստվում ենք գործունություն ծավալել նաև Հայաստանում»,-նշեց Ժյուլ Բոյաջյանը: 
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին հանձնեց խորհրրդանշական հուշանվեր և «Հայկական սփյուռք» տարեգիրք:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 251 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար