Դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը հանգեցրել է խնդիրների․ պահանջներ են առաջադրվել Առողջապահության նախարարությանը

06-03-2018 14:24:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասեցագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները:
 


Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է դեղերի բաց թողնման, դրանց շրջանառության ոլորտն իրավական կարգավորման ենթարկելու, արդյունավետ վերահսկողութան մեխանիզմների կարևորությունը բնակչության առողջության պաշտպանության համար:
 
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Չփարատված են մնում ոլորտի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ չէ այս լուծմանը, քանի որ չեն ստեղծվել անհրաժեշտ նախադրյալներ: Հարցն առավելապես տարվում է դրվագային լուծումների ճանապարհով:
 
Նախարարությունը պետք է հատկապես պարզաբանի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ տարվող քաղաքականության հետևանքով անարդարացի ծանրաբեռնվելու են բժիշկները, ինչն էլ ուղղակիորեն ազդելու է բնակչությանը մատուցվող բժշկակական ծառայությունների որակի վրա:
 
Մարդու իրավունքների պաշտպանին արդեն իսկ հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հիվանդանոցներն ապահովված չեն բավարար քանակի դեղատոմսերով: Ըստ բողոքների՝ պոլիկլինիկաները հիվանդանոցի հետազոտման արդյունքները հիմք չեն ընդունում դեղատոմս տրամադրելու համար՝ պահանջելով նույն հետազոտությունն անցնել նաև պոլիկլինիկայում:
 
Առողջապահության նախարարության նման գործելաոճը հանգեցրել է հանրության շրջանում շփոթության և մտահոգությունների՝ մասնագետների շրջանում:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բաց թողնման հարցի առնչությամբ:
 
Նախարարությանն առաջադրվել են հարցեր՝ կապված մասնագետների մտահոգությունների հետ, ինչպես նաև պահանջներ՝ կապված հանրային իրազեկման աշխատանքների հետ: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից