«ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի նիստն այս տարի անցկացվում է Երևանում․ (տեսանյութ)



06-03-2018 19:25:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանում մարտի 6-ին մեկնարկել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի` «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի հերթական`13-րդ նիստը։
 


Միջոցառմանը մասնակցելու համար Երևան են ժամանել «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից 12 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից), ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։
 
Նիստի մեկնարկից առաջ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վիկտոր Դովգանը նիստի նախագահությունը պաշտոնապես հանձնեց Հայաստանին: Աշխատանքները մեկնարկեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ ։
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունեց հյուրերին` կարևորելով այս միջոցառման անցկացումը Երևանում և Հայաստանի անդամակցության ընթացքում մեր երկրում իրականացված տեխնիկական աջակցության և ներդրումային բազմաթիվ ծրագրերը։
 
«Հայաստանի՝ վերջին տարիների վարած տնտեսական քաղաքականությունից ակնառու է, որ ճանապարհաշինական և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են։ Դրանք տարեցտարի շատանում և ընդլայնվում են»,- նշեց նախարարը` հավելելով, որ Հայաստանի հետագա առաջնահերթություններից պետք է լինեն տարածաշրջանում ճանապարհային անվտանգության ապահովումը, ճանապարհների և ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև անցակետերի արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից նորագույն չափորոշիչներին:
 
 
Նախարարն իր խոսքում նաև նշեց, որ միայն զարգացած ճանապարհային ենթակառուցվածքների, բաց սահմանների, ազատ առևտրի և ներդրումների պայմաններում է հնարավոր խթանել թե՛ տնտեսությունների զարգացումը, թե՛ աշխատատեղերի ստեղծումն ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը տարածաշրջանային մակարդակով։
 
Նիստի ընթացքում հաստատվելու է «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026թթ. համար Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Նախատեսվում է հաստատել նաև հնգամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը: Միաժամանակ, միջկառավարական հանձնաժողովի կողմից կհաստատվի «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Նաև նախատեսվում է անցկացնել «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գեորգի Չերկեզիշվիլին լրագրողների հետ առանձնազրույցում ասաց, որ Վրաստանը նույնպես «ՏՐԱՍԵԿԱ»-ի ակտիվ մասնակիցներից է և շատ մեծ ծրագրեր ու նպատակներ ունի դրա շրջանակներում։
 
«Կարծում ենք, որ համաժողովից հետո և այս նիստի արդյունքների հիման վրա ավելի ակտիվ ենք համագործակցելու «ՏՐԱՍԵԿԱ»-ի շրջանակներում ու նորանոր համատեղ ծրագրեր ենք իրականացնելու»,- նշեց Գեորգի Չերկեզիշվիլին։ Նա ասաց, որ ակտիվ զարգացնում են ճանապարհային ենթակառուցվածքները, և դրա մեջ մտնում է նաև Լարսի անցակետը, որտեղ նույնպես նախատեսվում են բարելավման աշխատանքներ։
 
Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշրաֆին ասաց, որ Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում և կամուրջ է դեպի տարբեր աշխարհամասեր։ «Մեզ համար համագործակցությունը Հայաստանի հետ շատ կարևոր նշանակություն ունի։ Պատրաստ ենք ընդլայնելու մեր գործակցությունը, այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք»,- հավելեց Մեհտի Աշրաֆին։ Նիստը, որին նախորդել են մարտին 5-ին կայացած աշխատանքային խմբի աշխատանքները, կշարունակվի մինչև օրվա ավարտը։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 210 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար