Վիճաբանություն դպրոցի բակում. պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը․ՀՔԿ

06-03-2018 19:42:08   | Հայաստան  |  Իրավունք
Վիճաբանություն դպրոցի բակում. պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը
 


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Երևանի դպրոցներից մեկի բակում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի շարժառիթը, մասնակիցների շրջանակը:
2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 21:30-ի սահմաններում, երկու քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի բակում հնչել են կրակոցներ: Ըստ քաղաքացիների՝ դպրոցի բակից լսվել են կրակոցի և աղմուկի ձայներ, դեպքի վայրում եղել են բազմաթիվ անձինք, ովքեր կրակոցներից հետո հեռացել են: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները զննության ժամանակ դպրոցի բակում հայտնաբերել են ռետինե պարկուճ:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որով նախաքննությունը մարտի 2-ից կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է, որ դպրոցի բակում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ։ Վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը գազային ատրճանակից կրակոց է արձակել։  Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով  ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Կասկածյալը ներկայացրել է այն գազային ատրճանակը, որով միջադեպի ժամանակ կրակել է։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 489 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար