Կկարգավորվեն հանրապետությունում անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները

06-03-2018 19:33:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա  օգտագործման   ծրագրին: Նախագիծը կստեղծի  իրավական հիմք`  մարզերի զարգացման  ծրագրերում, ինչպես նաև  մասնավոր ներդրումային ծրագրերի, դրամաշնորհային կամ այլ  աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության  ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար: Արդյունքում կկարգավորվեն հանրապետությունում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ մարզերում   առկա  կիսակառույց   օբյեկտների   գերակշռող  մասի  շինարարական աշխատանքներն  սկսվել  և  դադարեցվել  են 1988-1993 թթ.-ին: 
 


Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 205 կիսակառույց, որից 147-ը համարվել է վերակառուցման ենթակա, իսկ 58-ը՝ քանդման: Արդյունքում կբարելավվի  բնակավայրի քաղաքաշինական միջավայրը, կառուցապատման նոր տարածքները կօգտագործվեն նպատակային, սոցիալական բնակարաններով կհամալրվեն սոցիալական բնակֆոնդը, կկառուցվեն հասարակական  և արտադրական նշանակության անհրաժեշտ օբյեկտներ: Կիսակառույցների վերաբերյալ բազան կներկայացվի մարզպետարաններին և  ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչությանը` մարզերի զարգացման ծրագրերում այն ներառելու, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերակառուցելու նպատակով: 
Կարևորելով ծրագրի իրականացումը՝ Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: 
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող բնակարանների (բնակելի տների) հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: 2009-2012 թթ. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Մարալիկ բնակավայրում, ինչպես նաև՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում կառուցվել են բնակարաններ: Սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու, իսկ որոշ բնակարաններ՝ նաև բաշխված չլինելու պատճառով, դեռևս հանդիսանում են ՀՀ սեփականությունը: Որոշմամբ նախատեսվում է բաշխված   բնակարանները նվիրաբերել համայնքներին՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարաններն ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով:  Իսկ չբաշխված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն: Նույն խնդիրն առկա է նաև 2000-2004 թթ. պետբյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան  համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով: Առաջարկվում է այդ բնակարանները ևս նվիրաբերել համապատասխան համայնքներին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից