ՀՀ Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն կստեղծվի

06-03-2018 19:45:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը հավանություն է տվել  ՀՀ Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին և ընդունել է վերջինս ստեղծելու նպատակով հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ Լոռու մարզի Անտառաշեն և Լերմոնտովո համայնքներում, մինչև 30 մլրդ դրամ ներդրում կատարելու նպատակով, տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար արդեն իսկ ընտրվել է «Ecosign» միջազգային լավագույն կազմակերպությունը:
 


Ծրագիրը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, մշակութային բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, կստեղծվի ավելի քան 1500 նոր աշխատատեղ: Ծրագրի նպատակն է  ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով: Հանգստավայրը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Հանգստավայրը կգործի ամբողջ տարի և կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղի և լեռնադահուկային ուղիներ: Այս փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային հարթակներ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից