Աջակցություն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը

06-03-2018 19:50:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
Կառավարության որոշումներով  Շենգավիթ բժշկական կենտրոնը, «Այ  Պլաստ»  և  «Սաթենկար» ՍՊԸ-ները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:
Այսպես՝  Շենգավիթ բժշկական կենտրոնը  ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է առողջապահության ոլորտում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 5,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է իրականացնել ևս մոտ 140 մլն ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի մոտ 70 նոր աշխատատեղ՝ 300 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
«Այ  Պլաստ» ընկերությունը  ներմուծվող հումքն օգտագործվելու է բժշկական կպչուն սպեղանիի արտադրության համար՝ իրականացնելով 40 000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Արտադրանքի ծավալը կկազմի մոտ 102 մլն ՀՀ դրամ, որից 32 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 70 մլն ՀՀ դրամը կարտահանվի ԵԱՏՄ։
«Սաթենկար» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում, իրականացնելու է  մոտ 190 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ներկայումս ստեղծված է 43 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 7-ը՝ 82 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի մոտ 286 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։
 
 
 
Միջազգային համագործակցություն.  մի շարք երկրների քաղաքացիները Հայաստան կայցելեն առանց մուտքի վիզայի
 
 
Կառավարությունն ընդունել է «Ավստրալիական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության, Կորեայի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին» որոշումը:  Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար: 
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:
 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
Գործադիրը հավանություն է տվել  ««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Doing business 2017» հաշվետվությունում ներկայացված՝ ՀՀ-ում առևտրային կազմակերպությունների պետական գրանցման ժամկետի կրճատման անհրաժեշտությունից և վարչապետի համապատասխան  հանձնարարականից: Օրինագծի ընդունման արդյունքում արհեստակցական միությունների գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման ժամկետը կսահմանվի 5 աշխատանքային օր, իսկ արհեստակցական միության պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման ժամկետը՝ 10 աշխատանքային օր:
Հավանություն է տրվել  ««Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով ապահովվել է տերմինաբանական միասնականությունը, վերացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի միջև աններդաշնակությունը: Բացի այդ, դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջև: 
Գործադիրի հավանությանն է արժանացել  ««Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքեր և նախադրյալներ ապահովել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Օրինագծով ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները, սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները և այլն:
Հավանություն է տրվել ««Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրության իրավակարգավորումներին համապատասխանեցնելու սահմանադրական պահանջը: Օրինագծով հստակեցվում են փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման կարգն ու պայմանները: Մասնավորապես՝ առաջարկվում է օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ արհեստակցական կազմակերպություն հիմնադրելու և ազատ կամքի դրսևորումով դրան մասնակցելու իրավունքը:
Գործադիրի հավանությանն է արժանացել  ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի նպատակն է լուծում տալ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին: Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Օրինագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Հավանություն է տվել ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքների  նախագծերի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը: Օրինագծերով սահմանվել են հանձնաժողովի կազմը, անդամներին ներկայացվող պահանջները և լիազորությունների դադարման ու դադարեցման հիմքերը և կարգը, ինչպես նաև հանձնաժողովի լիազորությունները, նախատեսվել են հանձնաժողովի կողմից մշտադիտարկման միջոցով հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կառուցակարգեր: Փոփոխվել են  նաև Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակը, սահմանվել են խորհրդի կազմավորման կարգը, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները և հստակեցվել են խորհրդի իրավասությունները:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: 
 
 
 
 
 
Այլ որոշումներ
 
 
Կառավարության որոշմամբ ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվել է  ապրիլի 7-ը` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման  նպատակն է հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: 
Հավանության է արժանացել ՀՀ-ում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թթ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Արդյունքում նախատեսվում է մանկապատանեկան մարզադպրոցներն ապահովել ըստ մարզաձևերի և մարզման փուլերի ուսումնական ծրագրերով, կատարելագործել նյութատեխնիկական բազան, շարունակաբար կազմակերպել  մարզիչ-մանկավարժների վերապատրաստումը, բնակության վայրերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում, մանկապատանեկան սպորտի զարգացման համար ստեղծել մարզման համար անհրաժեշտ պայմաններ:
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  սահմանելով, որ 2018 թ. ևս ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական 25000 դրամի չափով: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը:
Հայաստանում չինական դպրոցի շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար գործադիրը ընդունել է համապատասխան որոշում: 
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ Տրանշ Ա» և «Գյումրու քաղաքային ճանապարհներ տեխնիկական համագործակցություն» դրամաշնորհային ծրագրերը ՀՀ 2018 թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 439 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար