Հայաստանի բնակչության կեսից ավելին` դանդաղ ինքնասպանության ճանապարհին

ՀՀ-ում ծխում է բնակչության շուրջ 60 տոկոսը, Գերմանիայում` 10-12 տոկոսը, ԱՄՆ-ում` մոտ 8 տոկոսը

06-03-2018 22:36:16   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
 
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի առնչությամբ մեզ հետաքրքրեց նաև մասնագետների կարծիքը: Նրանցից մեկը բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի աշխատակից Սողոմոն Վարդանյանն է, որի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
 
- Արդեն հրապարակվել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որպես մասնագետ, ի՞նչ կարծիք ունեք այդ օրինագծի և, ընդհանրապես, հակածխախոտային պայքարի վերաբերյալ:
- Այս օրենքը, որն առաջարկվում է ընդունել, կարևորագույն նշանակություն ունի: Որպես սրտաբան, ես գիտեմ ծխախոտի օգտագործման վնասները մեր հիվանդների վրա: Այսօրվա դրությամբ ծխախոտը, ծխելը համարվում է թիվ 1 ռիսկի գործոն սրտի իշեմիկ հիվանդության զարգացման, զարկերակային գերճնշման առումով: Ռիսկի գործոնը նշանակում է, որ ծխելը ոչ թե անմիջապես առաջացնում է նշածս հիվանդությունները, այլ տարիների ընթացքում կուտակելով իր բացասական հետևանքները, իր ազդեցությունն ունենում է: Օրենքը բավական լավ է և նրանով է լավ, որ հնարավորություն է տալու ընդհանուր պոպուլյացիայի մեջ նվազեցնել ծխող մարդկանց քանակությունը, մոտենալ քաղաքակիրթ երկրների ցուցանիշներին, որտեղ նմանատիպ օրենքներ վաղուց կան, գործում են, և կան արդյունքներ այդ երկրներում: 
Միաժամանակ կարծում եմ, որ օրենքի նախագծում պետք է համապատասխան դրույթ մտցվի, որով հակածխախոտային պայքարն իրականացվի քայլ առ քայլ, աստիճանաբար, առանց ծայրահեղ շարժուձևերի, ինչպես, սովորաբար, մեզ մոտ արվում է գրեթե ամեն ինչ: Ցանկանում եմ, որ օրենքը, չեմ ասում` շատ դանդաղ, բայց կիրառվի աստիճանաբար, միայն տուգանքներով հարցը չի լուծվում: Կարծում եմ, բնակչությանը ոչ թե պետք է հակածխախոտային պարզունակ տեսահոլովակներ ցույց տալ, այլ ներկայացնել բժշկական համապատասխան վիճակագրություն, թվեր, թվեր, թվեր, թե այս կամ այն հիվանդությունը, առողջական խնդիրը ծխող մարդկանց շրջանում քանի տոկոսի դեպքում է արձանագրվում, չծխողների մոտ քանի տոկոսով է նվազում, որ տարիքից ծխել թողնելն է խնդիր առաջացնում և այլն:
Պետք է լուրջ հարձակում իրականացնել տեղեկատվական դաշտում, ոչ թե միայն տուգանքներով կամ ծխախոտի գներն ավելացնելով: Առաջին փուլը պետք է լինի տեղեկատվական մեծ ծավալի աշխատանքը հեռուստատեսությամբ, թերթերով և այլ ԶԼՄ-ներով: Երբ մեր հիվանդները ծխում են, մենք չենք ասում` գիտես, ծխելը լավ չէ, ասես-չասես, ինքը դժվար թե թողնի ծխելը: Սակայն, նկատել ենք, որ երբ հիվանդին ներկայացնում ենք ծխելու դեպքում ի հայտ եկող առողջական խնդիրները տոկոսային արտահայտություններով, ապա բավականին ավելի լավ արդյունք ենք ստանում այն հիվանդների համեմատ, որոնց ուղղակի ասվում է` ծխել պետք չէ, վտանգավոր է և այլն: Մանավանդ, երբ դա ասող բժիշկն է ծխում, և հիվանդը տեսնում է դա: Կարծում եմ, այստեղ մոտեցումը պետք է լինի հետևյալը` հիվանդին չվախեցնել, որովհետև վախեցնելով այդ հարցը դժվար թե լուծվի: Ուղղակի նրան, թեկուզ մեր տվյալներով, պետք է տալ մեծ տեղեկատվություն, որ ծխելու դեպքում քո մոտ այսինչ բանն այսինչ ժամանակ հետո այսինչ տոկոս դեպքերում սպասվում է: Հիվանդին այդ ամենի մասին պետք է տեղյակ պահել հանրամատչելիորեն, բայց գիտական հիմնավորվածությամբ: Կարծում եմ, մեր բնակչությունը դա կհասկանա:
Ծխախոտի տուփերի վրա վախեցնելու համար տարբեր նկարներ պատկերելը չի ազդում, մեկ-մեկ տեղիք է տալիս նույնիսկ ժպիտի: Պետք է ընդունենք աշխարհի փորձը, աշխարհն իմ նշած ճանապարհով գնաց: Որքանով տեղեկացված եմ, օրենքի կիրառման արդյունավետություն ունեցող երկրներում յուրաքանչյուր օրենքի ընդունումից առաջ իրականացվում է տեղեկատվական մեծ հարձակում, քարոզչական համապատասխան աշխատանք: Իրենք նախապես պատրաստում են տեղեկատվական հենք, ապա նոր անցնում մնացած քայլերին: Մեզ մոտ այդպիսի աշխատանք չկա, լավ է, որ գոնե հեռուստացույցով սիգարետը չի գովազդվում, ինչն առաջ արվում էր:
- Իսկ ի՞նչ վիճակագրություն կա ծխողների առողջական խնդիրների վերաբերյալ` ի տարբերություն չծխողների:
- Օրինակ, ծխող մարդու մոտ, եթե նա սիգարետը սկսել է օգտագործել երիտասարդ տարիքից և արդեն 12-15 տարի ծխում է, սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը 2,5-3 անգամ ավելի բարձր է, քան իրեն հասակակից մարդու մոտ, որն ընդհանրապես չի ծխում: Ինֆարկտից հետո ծխելը շարունակելու դեպքում սրտամկանի սուր ինֆարկտի կամ անկայուն ստենոկարդիայի առաջացման հետևանքով կրկնակի հոսպիտալացումները կազմում են 30-32 տոկոս, իսկ ծխելը դադարեցրած անձանց շրջանում` 8-12 տոկոս, այսինքն` 3 անգամի տարբերություն կա: Սրանք արդեն ապացուցված վիճակագրական տվյալներ են, աքսիոմա, որը քննարկման ենթակա չէ:
Եթե մենք Հայաստանը համարում ենք քաղաքակիրթ երկիր, պետք է պայքարենք ծխախոտի օգտագործման դեմ: Ուղղակի, որպես բժիշկ, կարծում ու ցանկանում եմ, որ այս նոր օրենքի ընդունման դեպքում այն կիրառվի աստիճանաբար, մինչ այդ պետք է նախապատրաստվեն տեղեկատվական լուրջ հիմքեր, ընդհուպ մինչև այն, որ հասարակության գիտակցությանը հասցվի` չծխող միջավայրում ծխող մարդն անկուլտուրական է, ոչ քաղաքակիրթ: Երբ գնում ենք եվրոպական և այլ զարգացած երկրներ, տեսնում ենք, որ այնտեղ չծխող միջավայրում ծխողին նայում են որպես ոչ քաղաքակիրթ մարդու: Մարդուն, ով գիտի, որ դա վնաս է, բայց շարունակում է ծխել, այնտեղ արդեն նորմալ չեն վերաբերվում, չեն համարում, որ իրենց հավասար մարդ է: Իհարկե, կան փոխզիջումային տարբերակներ` ծխողների համար առանձնացված սենյակներ, վայրեր ռեստորաններում, օդանավակայաններում և այլուր: Հիմնական ուղղությունը պետք է լինի այն, որ ծխող մարդը համարվի ոչ թե վատ մարդ, այլ ուղղակի` ոչ քաղաքակիրթ, ինչպես արտերկրում է: Ինքը կարող է շատ լավ մարդ լինել, պաշտոնյա, մեծ կրթություն ունեցող և այլն, սակայն ծխելով նրա կարգավիճակը, վարկը փոխվում է, տուժում:
- Հայաստանում բնակչության քանի՞ տոկոսն է ծխում, և այս առումով ի՞նչ վիճակագրություն կա աշխարհի զարգացած երկրներում:
- Որքան տեղյակ եմ, Հայաստանում բնակչության շուրջ 60 տոկոսը ծխում է, որից 40-45 տոկոսը` տղամարդիկ, մնացածը` կանայք: Սրանք սարսափելի թվեր են, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ մեզ մոտ ծխող երիտասարդության տոկոսը բավական մեծ է, նույնիսկ դպրոցական տարիքից ծխողները քիչ չեն: Համեմատության համար ասեմ, որ մեր հարևան Վրաստանում, իրենց պաշտոնական վիճակագրության տվյալներով, ծխողները կազմում են բնակչության 32-33 տոկոսը, այսինքն` այնտեղ ծխողները Հայաստանից մոտ 2 անգամ ավելի քիչ են:
Հայաստանին ծխողների իր ցուցանիշով մոտ են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը: Մինչդեռ, Գերմանիայում ծխում է բնակչության 10-12 տոկոսը, ընդ որում, այնտեղ այդ 10-12 տոկոսի մեջ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Այնտեղ սիգարետի օգտագործումը տղամարդու համար անպատիվ է, իրեն պատիվ չի բերում: Ծխողները շատ են Ֆրանսիայում, նրանք կազմում են բնակչության մոտ 30 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը Աֆրիկայից, արաբական երկրներից, Թուրքիայից և այլ պետություններից եկած միգրանտներն են, այսինքն` ազգությամբ ոչ ֆրանսիացիները:
Միացյալ Նահանգներում ծխողների տոկոսն ավելի քիչ է, քան նույնիսկ Գերմանիայում, կազմում է մոտ 8 տոկոս, ընդ որում, այդ 8 տոկոսը ձևավորած ծխողների հիմնական մասը դարձյալ միգրանտներն են: Իրենք միլիարդներ ծախսեցին, մոտ 30 տարի աշխատեցին հակածխախոտային պայքարի ուղղությամբ, դրա համար մեզ ավելի շատ ամերիկյան փորձն է նախընտրելի, բայց պետք է նկատի ունենալ, որ լուրջ արդյունքի հասնելու համար հարկ է լինելու մեծ գումարներ ծախսել:
Որոշ երկրներում պայքարում են ծխախոտի գնի բարձրացման միջոցով, այդ երկրներում որոշակի արդյունքների հասնում են: Անվիճելի է, որ Հայաստանում սիգարետը շատ էժան է, միջին գնի սիգարետի 1 տուփն արժե 1 եվրո, մինչդեռ եվրոպական երկրներում նույն որակի կամ կարգի սիգարետի 1 տուփը 5-6 եվրո արժե:
Սակայն, չգիտեմ, թե ինչ կսկսվի, եթե այստեղ փորձեն բարձրացնել սիգարետի գինը: Հետևաբար, ծխող մարդու համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ինքը ոչ թե ֆիզիկապես տեղ չունենա ծխելու, այլ ծխելով զգա, որ ինքը լավ բան չի անում թեկուզ իր շրջապատի համար, թունավորում է նրանց: Տան մեջ եթե կա երեխա և ծնողներից մեկը ծխում է, տանը նրա համար պետք է ստեղծվի անտանելի վիճակ, չպետք է թողնել, որ նա տանը ծխի, դա արդեն ահագին բան է: Եթե նկատի ունենանք, որ մարդը տանը բավական երկար ժամանակ է անցկացնում, աշխատանքից հետո եթե տանը չծխի, պատկերացնում եք, թե արդեն ինչքան է պակասելու իր գործածած սիգարետը: Նա ստիպված է լինելու դուրս գալ պատշգամբ, եթե ունի, փողոց, բայց արդեն պարզ է, որ դրանով նրա համար ստեղծվելու է անբարենպաստ վիճակ, հետևաբար, ուզած-չուզած, նվազեցնելու է իր կողմից գործածվող սիգարետների քանակը: Դա շատ կարևոր բան է: Արգելված վայրերում ծխելու դեպքում տուգանելու համար դժվար թե այդքան ոստիկան գտնվի, տանն արգելելն ավելի իրատեսական է, կինն ամենամեծ ոստիկանը կարող է լինել, եթե ինքը չի ծխում: Կինը, ամուսնու ծնողներն այնպիսի պայմաններ պետք է ստեղծեն, որ նա գոնե տանը չծխի: Եվ սա, կարծում եմ, արդյունք կտա, որովհետև մենք ընտանեկան ժողովուրդ ենք և ընտանիքը բավական մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Բնական է, որ ընտանիքի ասածը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան պետության որոշած տուգանքները:
Նկատի ունենաք, որ ծխողի շրջապատում գտնվողները (պասսիվ ծխողները) նույն կամ գուցե ավելի մեծ վնաս են ստանում (քանի որ նրանց ներշնչած ծուխը ֆիլտրով չի անցնում), ինչ ծխողները: Ծխող մարդու շրջապատը, որը կարող է նրան համոզել, բավական մեծ բանակ է: Տեղեկատվական աշխատանքը, որ պետք է առաջիկայում կատարվի, պետք է ուղղված լինի հիմնականում այդ` ծխողի շրջապատում գտնվող մարդկանց: Կինը պետք է այնպես արգելի ամուսնուն, որ բանը չհասնի վիճաբանության, օրինակ, պետք է նրան ցույց տա երեխայի հազը, երեխայի հիվանդոտ լինելը, նրա մոտ առաջացած առողջական խնդիրները` պայմանավորված շրջապատում ծխի ազդեցության հետևանքով երեխայի իմունային համակարգի թուլացմամբ և այլն, և այլն, որպեսզի ամուսինը հասկանա, որ կնոջ` չծխելու պահանջը ոչ թե նրա քմահաճույքն է, այլ բխում է երեխայի առողջության պահպանման հրամայականից, հասկանա, որ ծխելով ինքը վնասում է իր իսկ երեխային, իր և կնոջ երեխային: Շատ կարևոր է, որ ընտանիքում այն մարդը, որը ծխողից պահանջելու է չծխել, զինված լինի ծխելու վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ, ունենա գիտականորեն ապացուցված փաստեր:
Որքան էլ ասեն, թե պետությունը շահում է սիգարետ վաճառելուց, սխալ է: Դա էլ է ապացուցված, որ ցանկացած պետություն ավելի մեծ կորուստներ է կրում ծխելու հետևանքով հիվանդ մարդուն բուժելու համար, քան շահում է նրան վաճառված սիգարետից: Ծխող մարդը հաճախ է պոլիկլինիկա և հիվանդանոց գալու, մի շարք հիվանդությունների պարագայում պետությունն ինքն է բուժման համար վճարում, անընդհատ ծախս է:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից