Սպանություն Գավառում. տուժողի դին հայտնաբերվել է այրված, կասկածյալը ձերբակալվել է

07-03-2018 16:39:45   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք
 


 
  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Գավառ քաղաքի 54-ամյա բնակչի սպանության շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է:
2018թ. մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ:
 
Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գալիս է տուն: Սակայն տուն չի գնացել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել է անհասանելի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Հ.Հերգնյանը նստել է համաքաղաքացու ավտոմեքենան, որից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։ Պարզվել է համաքաղաքացու ինքնությունը, ստուգվել նրա այլուրեքությունը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները, և նրա կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է տուժողի այրված դին։
Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 290 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար