Հայաստանի արտադրողների մասնակցությունը Foodex Japan 2018 ցուցահանդեսին

07-03-2018 19:04:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ճապոնիայի մայրաքաղաքում բացվեց «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայի տարածաշրջանում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի 8 արտադրող: Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 9-ը՝ Տոկիոյի «Մակուհարի» ցուցահանդեսային համալիրում: 
 

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարեցին կազմակերպիչ կառույցների, Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ծագող արևի երկրում հավատարմագրված տասնյակ դեսպաններ՝ Այդ թվում Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: 
 
Հայկական ընկերությունների մասնակցությունը «Ֆուդեքս» ցուցահանդեսին հնարավոր է դարձել Ճապոնիայում ՀՀ դեսպանատան, Ճապոնիայի միջազգային համագործակցության և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցության շնորհիվ:
 
Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, գինիների, մեղրի և կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ:
 
Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը նշեց, որ նման միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությունը ևս մեկ անգամ ընգծում է հայ-ճապոնական համագործակցության լայն շրջանակը: «Անցած մի քանի տարվա ընթացքում «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ ապրանքները, հատկապես օրգանական և բարձրորակ սննդամթերքը, աստիճանաբար իր սպառողին է գտնում Ճապոնիայի շուկայում»,- ասաց դեսպանը: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ասաց, որ այս միջոցառումը Ճապոնիայի շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու ևս մեկ հիանալի առիթ է, և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ուրախ է լինել այդ նախաձեռնության կազմակերպիչներից մեկը:  «Մեր կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայաստանյան արտադրողների և գործարարների առաջ մղումն է միջազգային շուկաներում: Այդ առումով մենք այստեղ ներկայացրել ենք այն արտադրատեսակները, որոնց հանդեպ Ճապոնիայի սպառողները կունենան հետաքրքրություն»,- ասաց Լևոն Մնացականյանը:  
 
Ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր: Տոկիոյի ռեստորաններից մեկի սեփականատեր Ուչիա Կոջին ասաց, որ իր հաճախորդներին խորհուրդ կտա օգտագործել հայկական գինիները հատկապես ֆրանսիական սննդի հետ: «Այս գինիները շատ հագեցած համ և բույր ունեն, զգացվում է մրգի ուժը»,- շեշտեց ճապոնացի մասնագետը: Մեկ այլ ճապոնացի ռեստորանատեր՝ Կեյսուկե Նագանոն ասաց, որ հայկական գինին համադրելի կլինի հատկապես ձկան և մսի հետ: «Այստեղ ներկայացված գինիներից հատկապես 2013 թ. գինին հիանալի կլինի ճաշակել սուշիի հետ: Ես հաստատ խորհուրդ կտամ իմ հաճախորդներին ճաշակել հայկական գինին: Համոզված եմ, որ այն հաճելի կլինի ճապոնացիների քիմքին»,- ասաց Նագանոն:  
 
Իսկ ճապոնացի ներկրող Օրիտա  Կոզոն հատուկ էր այցելել Հայաստանի տաղավար: Նա «Նոր ապրանքներ Ճապոնիայի շուկայում» ցուցափեղկում տեսել էր  չիչխանի կոմպոտը: «Ես փնտրում էի չիչխանով պատրաստված որևէ ապրանք և տեսա այս կոմպոտը, ուստի եկա, որպեսզի հասկանամ, թե ինչ է այն: Որպես ներկրող՝ ես կարծում եմ, որ Ճապոնիայի շուկայում կա չիչխանով պատրաստված սննդամթերքի և այլ ապրանքի պահանջարկ: Ճապոնացիները նոր են սկսել հետաքրքրվել այս առողջարար և օգտակար սննդամթերքով: Ես կարծում եմ, որ ձեր ներկայացրած ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ կունենա Ճապոնիայի վաճառակետերում»,- նշեց Կոզոն:
    
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 196 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար