ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողը իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտգործնախարարին

07-03-2018 19:12:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 6-ին ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն իր հավատարմագրման նամակների պատճենները հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին:
 


Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և նպատակադրված է շարունակել դրական օրակարգով ներգրավվածությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրագործմանը։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պարոն Շարփը նշեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կառավարությունը ունեն սերտ և արդյունավետ համագործակցության ավելի քան 25 տարվա փորձ։ Իրագործված ծրագրերի լայն շրջանակը, ինչպես նաև այլ օժանդակության հատկացումը ՄԱԿ-ի հայաստանյան թիմի կողմից՝ կառավարության, դոնոր համայնքի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար, երկրում զգալի դրական ազդեցություն են թողել սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում։
 
Հանդիպման ընթացքում արտգործնախարարն ու մշտական համակարգողը նաև ընդգծեցին որ Օրակարգ 2030-ի շրջանակում Հայաստանի պարտավորությունների ու տեղայնացված Կայուն զարգացման նպատակների կատարումը ընդհանուր առաջնահերթություն են կողմերի հետագա համատեղ նախաձեռնությունների համար։ Իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ռազմավարական գլխավոր նպատակն է այս գործում Հայաստանին լրացուցիչ օժանդակություն հայթայթելը։ Պրն. Շարփն ընդգծեց, որ նորարարական կարողությունները որպես լծակ օգտագործելը, այդ թվում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ մի նախաձեռնություն, հանդիսանում է վերափոխումներ արագացնող կարևոր ռեսուրս։
 
Զրուցակիցներն արծարծեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։
 
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շոմբի Շարփին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
 
—————————————————
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 182 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար