ԱՄՆ-ի ոճրագործությունները Սիրիայում ներում չեն ունենալու (տեսանյութեր և ֆոտոշարք)

Ամերիկացիներն իրենց դաշնակիցների հետ միասին Սիրիայում շարունակում են սպանել խաղաղ քաղաքացիներին



07-03-2018 20:10:52   | ԱՄՆ  |  Մեկնաբանություն
 

 
 
 
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիան, որը Սիրիայում գործում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ս. թ. փետրվարի 22-ին հրապարակած մի զեկույցում խոստովանել է, որ 2014թ. սկսած իր հարձակումների հետևանքով  Սիրիայում ու Իրաքում մինչև 2018թ. հունվար սպանվել է 841 խաղաղ քաղաքացի:
Սակայն, կոալիցիայի հարձակումներին հետևող «Էյրվարզ» դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամերիկյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում և Իրաքում նույն ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 3000 խաղաղ քաղաքացի: 
ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի օդային ու հրթիռային հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության ոչնչացումն այս տարի նույնպես շարունակվել է, նաև` հունվարից հետո: Մասնավորապես` փետրվարի 21-ի գիշերը Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զորի Հաջինի տարածքում կոալիցիայի զինուժը սպանել է 12 խաղաղ քաղաքացիների:
Նույնիսկ Սիրիայում մարդասիրական նպատակով մեկամսյա զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 24.02.2018թ. հայտնի բանաձևից հետո և այդ բանաձևի խախտմամբ կոալիցիան իր ռազմական ինքնաթիռներով փետրվարի 25-ին ռմբակոծելով Դեյր-էլ-Զորի մերձակա տարածքներում գտնվող սիրիական գաղթակայանները, սպանել է 29 խաղաղ քաղաքացիների: Դրանից հետո փետրվարի 27-ի գիշերը Դեյր-էլ-Զորի դեմ իրականացրած ավիահարվածով սպանել է 24 խաղաղ քաղաքացու: Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հարվածել են Դեյր-էլ-Զորի հարավ-արևելքում գտնվող սիրիացի տարհանվածների համախմբման վայրին: Հարձակման հետևանքով մի քանի խաղաղ քաղաքացիներ էլ վիրավորվել են: Ամերիկյան կոալիցիան 2014-2018 թթ. ընթացքում Սիրիայի բազմաթիվ խաղաղ քաղաքացիների կյանքեր է խլել նաև Ալ-Ռաքքա և Հալեպ նահանգներում:
Սիրիայի կառավարությունը բազմիցս նոտաներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի ԱԽ նախագահին, նրանց կոչ է արել վերջ տալ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին, սակայն ապարդյուն, քանի որ ՄԱԿ-ը, խոշոր հաշվով, ԱՄՆ-ի գրպանում գտնվող կառույց է, ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ին, ապա, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները` Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, այդ մարմնում ունեն վետոյի իրավունք և կարող են թույլ չտալ իրենց շահերի դեմ ցանկացած բանաձևի ընդունում:
Չնայած Սիրիայում միջազգային կոալիցիայի լուծարման պաշտոնական Դամասկոսի պահանջին, ԱՄՆ-ը ձգտում է շարունակել այդ երկրում իր ռազմական ներկայությունը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել է. «Սիրիայից ԱՄՆ-ի զինվորականների հեռանալու թվականը կորոշվի ոչ թե հստակ ժամանակացույցի հիման վրա, այլ նկատի առնելով անհրաժեշտությունները»:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն արդարացնելու համար և անտեսելով այդ ներկայության միանգամայն անօրինական լինելու վերաբերյալ Սիրիայի իշխանության բազմաթիվ հայտարարությունները, Պետքարտուղարության պաշտոնյան նշել է. «ԱՄՆ-ը ցանկանում է անվտանգություն ու կայունություն հաստատել Սիրիայում և վերջ տալ այդ երկրի ժողովրդի տառապանքներին և խնդիրներին»:
Թե ինչպես, վերն արդեն նշվեց… Հավելենք, որ «ԱՄՆ-ը ցանկանում է անվտանգություն ու կայունություն հաստատել Սիրիայում և վերջ տալ այդ երկրի ժողովրդի տառապանքներին և խնդիրներին» նաև Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալել փորձող զինված ընդդիմությանը և ահաբեկիչներին զինելով, հետախուզական տեղեկություններ տրամադրելով, վտանգի դեպքում նրանց ապահով վայրեր տեղափոխելով և այլ աջակցություն ցուցաբերելով:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8851 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար