«Ես մեծ հույս ունեմ, որ Ճարտարապետների պալատը մեծ դեր է խաղալու քաղաքաշինական կամայականությունները բացառելու գործում». Անահիտ Թարխանյան.168.am

17-03-2018 19:08:56   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

168.am Մինչ Ճարտարապետների միության հրավիրած վերջին՝ 19-րդ համագումարին ընտրում են արդեն նոր կազմավորվող կառույցի՝ Ճարտարապետների պալատի նախագահին, 168.am-ը զրուցել է համագումարին ներկա ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ, պարզելու՝ ի՞նչ է վերջինս ակնկալում Ճարտարապետների նախկին միության հիմքով վերակազմավորված Ճարտարապետների պալատի գործունեությունից, կամ ո՞րն է դրա անհրաժեշտությունը:

 


Անահիտ Թարխանյանը հիշում է՝ այս խնդիրն այնքան հին է, որ դեռևս իր հայրը՝ Արթուր Թարխանյանն էր երազում Ճարտարապետների պալատ հիմնելու մասին.
 
 
«Ես կասեի՝ Ճարտարապետների պալատի հիմնումը նույնիսկ խիստ ուշացած է, բայց ես շատ ուրախ եմ, որ այն վերջապես իրողություն է դառնում: Մեր առջև միշտ առաջնային խնդիր է եղել՝ Ճարտարապետների միությունը վերակազմավորել Ճարտարապետների պալատի, որին իրենց ազատ կամքով միացած մասնագետները կարող են արտահայտել սեփական տեսակետները, սահմանել իրենց մասնագիտական որակավորումներն ու աշխատանքի, առաջընթացի և ոլորտի զարգացմանն ուղղված սկզբունքները:
 
Այսօր կան մասնագիտություններ, որոնք իրենց գործունեությամբ շատ կարևոր և որոշիչ հետք են թողնելու ոչ միայն՝ ներկա ժամանակների, այլ նաև՝ պատմության մեջ: Այդ մասնագիտություններից մեկն էլ հենց ճարտարապետությունն է, չէ՞ որ մենք տեսնում ենք, թե ինչ կամայականություններ են կատարվում մեր քաղաքի հետ վերջին ժամանակներում:
 
Ես մեծ հույս ունեմ, որ Ճարտարապետների պալատը մեծ դեր է խաղալու այս իրավիճակը վերահսկելու և քաղաքաշինական կամայականությունները բացառելու գործում»:
 
Անահիտ Թարխանյանը նկատում է՝ Ճարտարապետների պալատի գործունեության առաջին տարին որոշիչ դեր է ունենալու կառույցի հետագա կայացման գործում. «Գրվելու են կանոնակարգեր, ձևավորվելու է կառույցի հիմնական կազմը, այնպես որ, դեռ անելիքներ շատ կան: Կարևորագույն ձեռքբերումների մասին կխոսենք մեկ տարի անց, երբ կամփոփենք, թե ինչ արեց պալատն իր գործունեության առաջին տարվա ընթացքում»:
 
Անահիտ Թարխանյանի կարծիքով՝ մեծ խնդիր է համագումարի ընթացքում այսօր հնչած այն կետը, որով պալատի կողմից արտոնագիր ստացողը կարող է նաև չլինել այդ պալատի անդամ:
 
Նա համոզված է՝ այդպես լինել չի կարող. «Այստեղ վտանգ կա, և վտանգն այն է, որ ճարտարապետական միջավայրը կիսվելու է երկու մասի՝ այն մարդիկ, ովքեր կիսելու են մասնագիտական բարոյական սկզբունքները, և նրանք, ովքեր դրանք չեն կիսելու, բայց կարող են հավակնել՝ ստանալու պալատի կողմից շնորհվող արտոնագիրը, հետևաբար՝ նաև իրավունք՝ աշխատելու այնպես, ինչպես իրենք կցանկանան՝ դրա առաջացրած բոլոր հետևանքներով»:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 222 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...