Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

19-03-2018 18:48:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը: 
Ողջունելով լեհ խորհրդարանականներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ առանցքային հարցեր: 
 

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություննների օրակարգը տարեցտարի դառնում է ավելի ընդգրկուն: Նա հույս է հայտնել, որ լեհ խորհրդարանականների այցը կնպաստի հարաբերությունների առավել սերտացմանը: 
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեհաստանի Հանրապետության Սենատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որը վերաբերում է Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի կողմից հայերին տրված հատուկ արտոնությունների 650-ամյակին: 
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի հարաբերությունների սերտացումը: 
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Լեհաստանի կառավարության կողմից Լվովի հայկական եկեղեցու վերանորոգումը: 
Լեհաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատվիրակության այցը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ երկու հանձնաժողովների համատեղ նիստն ուներ հարուստ օրակարգ, քննարկվել են հետագա փորձի փոխանակման հեռանկարները: 
Մարեկ Ռոցկին կարեւորել է Լեհաստանի եւ Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի շրջանակում եւ Արա Բաբլոյանին ներկայացրել իր երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը: 
Նա նշել է, որ իր երկրում կարեւորում են հայերի ներկայությունը, չեն պատկերացնում Լեհաստանն առանց հայերի եւ ուրախ են ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի կապակցությամբ: Մարեկ Ռոցկու խոսքով՝ Լեհաստանը պատրաստակամ է նպաստել համաձայնագրի վավերացման գործընթացի արագացմանը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից