Նոր ցուցահանդես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ

18-04-2018 18:03:52   | Հայաստան  |  Մշակույթ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ բացվել է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով նոր ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
 


Ցուցահանդեսի նպատակն է, երիտասարդ սերնդի շրջանում պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելով հանդերձ, վեր հանել նաև պատմական ժառանգության ճանաչողության, արժևորման ու պահպանության խնդիրները:
Հյուրերի համար ելույթ է ունեցել Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի «Աշնանային ձայներ» երգչախումբը, որից հետո երիտասարդ հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը դպրոցականների և ուսանողների համար դասախոսել է «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն և իմիտացիա» թեմայով:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի սաներ ճանաչողական շրջայց են կատարել թանգարանում:
Նշենք, որ ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև ս.թ հունիսի 18-ը:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից