Ռուսաստանին Թրամփի խոստացած «լավ, նոր ու խելացի» հրթիռներից առնվազն երկուսը չեն պայթել, Սիրիան դրանք ուղարկել է Մոսկվա

20-04-2018 10:45:35   | ԱՄՆ  |  Քաղաքական
 


 
 
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ապրիլի 11-ին «Թվիթեր»-ի իր էջում Ռուսաստանին խորհուրդ էր տվել պատրաստվել Սիրիայի դեմ ամերիկյան հրթիռային հարձակմանը:
«Ռուսաստանը խոստացել է խփել ցանկացած և բոլոր հրթիռները` արձակված Սիրիայի վրա: Պատրաստվիր, Ռուսաստան, որովհետև նրանք (հրթիռները.- Ծ. Հ.) մոտենում են. լավ, նոր և խելացի»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Իհարկե, սխալ կլինի ասել, թե Ռուսաստանը միայն դրանից հետո պատրաստվեց Սիրիայում իր ռազմաբազաների վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը, երկու պետությունների լարված հարաբերությունները, առկա ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ նպատակները հաշվի առնելով, Ռուսաստանն արդեն իսկ պատրաստ էր դրան: Սակայն, ԱՄՆ-ը չհամարձակվեց խփել ռուսական օբյեկտներին` վախենալով պատասխան հարվածից, իր համար դրա շատ ծանր հետևանքներից և տեղային ոչ միջուկային բախման վերաճումից միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները բավարարվեց միայն սիրիական թիրախներին խփելով, սակայն նույնիսկ Սիրիայի ՀՕՊ-ի ուժերը բավարար եղան ԱՄՆ-ի արձակած «Տոմահավկ» մակնիշի «լավ, նոր և խելացի» 103 թևավոր հրթիռից 71-ը թիրախին դեռ չհասած, երկնքում ոչնչացնելու համար:
Ճիշտ է, ըստ ԱՄՆ-ի, իրենց արձակած թևավոր հրթիռներն իրականում երկու անգամ շատ են եղել, քան ներկայացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, սակայն եթե նույնիսկ հավատանք ամերիկյան պաշտոնյաներին ու համարենք, որ Սիրիայի թիրախների վրա իրոք արձակվել է մոտ 210 թևավոր հրթիռ, ապա դրանց մեկ երրորդի ոչնչացումը նույնպես վատ ցուցանիշ չէ: Դա հասկանալի կդառնա, եթե հաշվի առնենք, որ Սիրիայի ՀՕՊ-ի կարողություններն անհամեմատելի են Ռուսաստանի ՀՕՊ-ի կարողությունների հետ, ավելին` ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերվա հարձակման ընթացքում Սիրիայի ՀՕՊ-ն իր բոլոր միջոցները չի օգտագործել` դրանք պահելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների չբացառված կրկնակի ու նախորդից ավելի մեծամասշտաբ հարվածի համար: Այսպիսով ամերիկյան «լավ, նոր և խելացի» հրթիռների առասպելը հօդս ցնդեց:
Երեկ, սակայն, հայտնի դարձավ պոռոտախոս ԱՄՆ-ի համար իր հրթիռների մեծ կամ նշանակալի մասի ոչնչացումից էլ ավելի մեծ խայտառակություն: Լայն հանրությունը տեղեկացավ, որ Սիրիայի տարածքում թևավոր հրթիռներից առնվազն երկուսը չեն պայթել, դրանց փոխարեն պայթել է ԱՄՆ-ի «լավ, նոր և խելացի» հրթիռների վերաբերյալ Դոնալդ Թրամփի փչած փուչիկը, քանի որ այդ հրթիռները բարեհաջող «վայրէջք» են կատարել, գտնվում են բավական լավ վիճակում (այսինքն` պիտանի են համապատասխան հետազոտության, դրանցից ռազմական բոլոր գաղտնիքները կորզելու համար), ավելին` հայտնաբերվելով սիրիական զինվորականների կողմից, ապրիլի 17-ին փոխանցվել են ռուս զինվորականներին, իսկ երեկ արդեն վերջիններիս կողմից ինքնաթիռով ուղարկվել Ռուսաստան: Այս մասին այսօր ТАСС-ին հայտնել են սիրիական ռազմական գերատեսչությունից: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1460 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար