Դադարեցվել է Երեւան-Մեղրի ավտոմայրուղու շրջափակումը. Վարչապետն Արծվանիկցիներին հրավիրել է հանդիպման

17-05-2018 17:33:38   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
Արծվանիկցիները պահանջում են պոչամբարի հետեւանքով ստեղծված ծայրաստիճան վտանգավոր վիճակի քննարկում
 


Հանրապետությունում ծայր առած բողոքի ալիքը հասավ նաեւ Արծվանիկի ենթաշրջանի համայնքներ: Այսօր առավոտյան ժամը 10-ից փակ էր Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, մասնավորապես Արծվանիկ, Սեւաքար, Չափնի գյուղերի բնակիչները ցույց էին անում միջպետական ճանապարհի վրա՝ այլեւս չտանելով գյուղի հարեւանությամբ գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի հարուցած վնասները: Հավաքվել էին տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ, ովքեր ակնկալում էին Սյունիքի մարզպետի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի, ինչպես եւ համայնքի ղեկավարի ժամանելուն: Վերջիններս մի քանի ժամվա ընթացքում չէին երեւացել այդ կողմերում: Միայն դրությունը վերահսկում էին ոստիկանության ներկայացուցիչները: 
«Ի՞նչ են մտածում իշխանավորները ժողովրդի մասին, չե՞ն տեսնում որ մենք դանդաղորեն մահվան ենք դատապարտվում», - այսպես կարելի է ձեւակերպել ցուցարարների մտահոգությունը: Հավաքվածների փոխանցմամբ՝ ըստ միջազգային նորմերի, պոչամբարները պետք է գտնվեն բնակության վայրերից առնվազն 12 կմ հեռավորության վրա, պոչամբարի զգալի մասը պետք է ծածկված լինեն 0.8-15սմ հաստությամբ հողաշերտով, այսինքն՝ ռեկուլտիվացիա պիտի արվի, որ չի արվում: Դրությունը բարդանում է քամոտ եղանակին, երբ ապարախյուսի մասնիկները փոշու տեսքով նստում են գյուղի վրա: Մարդիկ վրդովված էին եւ իրար հերթ չտալով՝ ներկայացնում էին ստեղծված կացությունը: 
Արծվանիկ գյուղի բնակիչ Գրիգոր Սահակյանը նշեց, որ գյուղի արոտավայրերը գյուղի ներքեւում են, եւ ինչքան պոչամբարը բարձրանում է, գյուղի արոտավայրերն ու վարելահողերը մնում են թափոնաջրերի տակ. «Եթե դրանք ծածկվեն, ժողովուրդն ինչպե՞ս պիտի ապրի գյուղում, երբ նրա հիմնական զբաղմունքն անասնապահությունն է եւ դաշտավարությունը»: Բացի այդ՝ գյուղում շատ մեծ է ռադիացիան, որ բնակչության շրջանում տարբեր հիվանդություններ է հարուցում: Արծվանիկի երիտասարդները միշտ էլ աչքի են ընկել ֆիզիկական եւ մտավոր կարողություններով, ինչը մտահոգիչ է մեր օրերում. աճող սերունդը չի կարողանում ապահովել այդ տվյալները, դեռ ավելին, ոմանք բանակում շարային պատրաստության համար պիտանի չեն այլեւս:
«56 տարեկան եմ, ծնվել եմ թույնի մեջ, ապրում եմ թույնի մեջ. կողքից հավելում է ծայրաստիճան վրդովված մի կին, - բա մի մաքուր տե՞ղ չլինի, որ գնանք ու ապրենք: Թունավոր օդ ենք շնչում, կերածներս էլ թունաքիմկատներով հագեցած միրգ ու բանջարեղեն է»:
Գյուղի կրթօջախի տնօրեն Կարո Անդրեասյանը նշեց, որ 2015-ին մայիսի 21-ին պայմանագիր է կնքվել կոմբինատի հետ, որի բովանդակությանը հանրությանը ծանոթ չէ: Ցուցարարների պահանջն այն է, որ հրավիրվի հանրային քննարկում, եւ բացահայտվի այդ պայմանագրի բովանդակությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարտավորությունների կատարման ընթացքը: Նշվեց նաեւ, որ Արծվանիկն ազդակիր համայնք է, բայց նրա բնակիչներին դժվարությամբ են աշխատանքի ընդունում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ցուցարարները նաեւ մտահոգություն էին հայտնում, որ խորհրդային տարիների համեմատ երեք անգամ ավելացել են հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ծավալները Զանգեզուրի ՊՄԿ-ում, ինչի արդյունքում Արծվանիկի պոչամբարը նոր տարածքներ է «գրավում»:
 
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
Հ.Գ.
Ժամը 15-ի սահմաններում արծվանիկցիները, անսալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դադարեցրել են ավտոմայրուղու շրջափակումը: Վարչապետը գյուղի ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպման՝ լսելու արծվանիկցիների եւ մոտակա համայնքների բնակիչների մտահոգությունները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1465 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար