Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին

19-05-2018 17:08:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
 


Կարճատև առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
 
Խորհրդարանի նախագահը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կարևորել նրա առաջին այցը Արցախ՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական օրակարգի հերթական քննարկման և առկա մարտահրավերների շուրջ համահայկական ներուժը կենտրոնացնելու տեսանկյունից:
 
«Մաղթում եմ, որ առաջիկա տարիներին արտաքին քաղաղաքական օրակարգում ամրապնդվեն այն հաջողությունները, որ ձեռք ենք բերել, և նախանշվեն նոր ուղղություններով մեր անելիքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտաքին գործերի նախարարը նշել է. «Ինձ համար շատ էական է այս նոր կարգավիճակում ստանալ ձեր պատգամը և շարունակել այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միասին կառուցել են համազգային նպատակներն առաջ տանելու համար»:
 
Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների և Արցախում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև համահայկական օրակարգի այլ հարցերում Սփյուռքի դերի, տարբեր երկրների հետ Արցախի համագործակցության և այլ հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է պետականաշինության բնագավառում Արցախի Հանրապետության հաջողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելու անհրաժեշտությունը:
 
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 268 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար