Շահումյան գյուղի դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. «Հետք»

19-05-2018 20:29:44   | Արմավիրի մարզ  |  Մամուլի տեսություն
«Հետք».Արմավիրի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետարան: Այս մասին ասաց մարրզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը:
 


«Իրավիճակն այնպիսին էր, որ կոլեկտիվը Կարինե Մանուկյանին չուզեց, ծնողների կեսը չուզեցին: Չնայած ինքը շատ լավ ուսուցչուհի է, բայց որպես տնօրեն գուցե չի կարողացել իրեն դրսևորել, չգիտեմ: Եռօրյա ժամկոտում իրեն կազատենք աշխատանքից, կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար և մրցույթ կհայտարարվի»,-ասաց Գայանե Սայադյանը:
 
Կրթության վարչության պետը նշեց, որ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու է դպրոցի մանկավարժներից:
 
Հիշեցնենք, որ 2017թ. տարեվերջին դպրոցի տնօրեն Համեստ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Մանկավարժները նրանից դժգոհ են եղել: Մարզպետարանի կողմից 2017թ. դեկտեմբերի 12-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կարինե Մանուկյանը, ով դպրոցի մանկավարժ չի եղել: Նա աշխատել է Էջմիածնի թիվ 4 դպրոցում: Ինչպես նշում էին մանկավարժները, նույնիսկ լինելով ժամանակավոր պաշտոնակատար՝ Կարինե Մանուկյանն իրեն լավ չի դրսևորել, թույլ է տվել չարաշահումներ, մանկավարժների, աշակերտների հետ խոսել է հեգնանքով:
 
Այս տարվա փետրվարի 26-ին դպրոցում տեղի են ունեցել տնօրենի ընտրություններ: Կարինե Մանուկյանը, լինելով միակ թեկնածուն, բավարար քանակի ձայներ չէր ստացել: Ապրիլի 19-ին դարձյալ ընտրություններ են կայացել դպրոցում: Թեկնածուները եղել են երկուսը՝ Կարինե Մանուկյանը և Արմավիր քաղաքի 8-րդ դպրոցի ուսմասվար Սյուզաննա Ավետիսյանը: Ուսուցիչները պնդում էին, որ երկրորդ թեկնածուի առաջադրումը ձևական բնույթ է կրել, քանի որ վերջինս մտերիմ է եղել Կարինե Մանուկյանի հետ:
 
Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրորդ թեկնածուի առաջադրմանն այնքան լուրջ չեն վերաբերել, որ Սյուզաննա Ավետիսյանը ընտրության օրը ներկայացել է ոչ թե Շահումյան գյուղի դպրոցի զարգացման ծրագրով, այլ՝ Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի: Այդ փաստը տեղում արձանագրվել է:
 
Կարինե Մանուկյանը դարձյալ չի ընտրվել: Խորհրդի 8 անդամներից 4-ը՝ 2 ուսուցիչ և 2 ծնող, դեմ են քվեարկել բոլորին, իսկ Շահումյանի համայնքապետը, ով կառավարման խորհրդի անդամ է և մարզպետարանի, ԿԳ նախարարության ներկայացուցիչները, ովքեր դպրոցի տնօրեններ են եղել, կողմ են քվեարկել Կարինե Մանուկյանին: Քանի որ կողմ և դեմ ձայները բաշխվել են հավասարաչափ, նախկին փոխվարչապետներից մեկը, ում անունը մանկավարժները դեռ չգիտեն, Կարինե Մանուկյանին օրենքի ուժով նշանակել է տնօրեն: 
 
Փետրվար ամսից դպրոցի մանկավարժների մեծամասնությունը բողոքի ակցիաներ էր իրականացնում՝ պահանջելով դպրոցից հեռացնել Կարինե Մանուկյանին:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 411 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար