Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ

24-05-2018 17:27:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«ՀՀ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի» 2-րդ փուլով նախատեսված ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման ձևաչափի փոփոխությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին» որոշում: Արդյունքում կստեղծվի հնարավորինս շահավետ միջավայր մասնավոր ներդրողներին գրավելու համար, կհստակեցվեն մասնավոր ներդրումների ներգրավման հնարավոր ձևաչափերը:
 


Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է Համաշխարհային բանկին` Ճառագայթային կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները բաշխել այլ ուղղություններով: Մասնավորապես` գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն: Միաժամանակ, Ճառագայթային բուժման կենտրոնը ստեղծելու համար ՀՀ պետբյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։ Կարևորելով չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը՝ Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը պլանավորվում է իրականացնել մասնավոր ներդրողների կողմից։ 
 
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, ծրագրի առաջին փուլի արդյունքներով. «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»:
Արսեն Թորոսյանը հայտնել է, որ դեռևս 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ Հայաստանին անհրաժեշտ է նման ախտորոշման կենտրոն և մինչ օրս էլ նման կենտրոն չկա, սարքը չի օգտագործվել, ինչի արդյունքում հիվանդները բուժման նպատակով այլ երկրներ են գնում:
 
«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով»,- արձագանքել է վարչապետը և հետաքրքրվել, թե ինչ խոչընդոտներ են եղել: Ըստ նախարարի՝ իրականում բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ: 
 
Վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարարին արդարադատության նախարարի հետ քննարկել հարցը և առաջարկել խնդրի կարգավորման լուծումներ: 
 
Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (դիաբետոն 60մգ) դեղի ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ըստ այդմ՝ 2018 թ. գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի շուրջ 154 մլն ՀՀ դրամ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 231 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար