«Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքում երեխաները կարող են զվարճանալ, սովորել ու աշխատել. ՏԵՍԱՆՅՈՒԹ



25-05-2018 14:47:42   | Հայաստան  |  Հասարակություն
 

Cityzen մասնագիտությունների մանկական քաղաքն է` իր հրապարակով, փողոցներով, շենքերով ու մի շարք  այլ ենթակառուցվածքներով: 
Այս փոքրիկ քաղաքի այցելուները հիմնականում 4-14 երեխաներն են, ովքեր այստեղ գալիս են ոչ միայն զվարճանալու, այլև սովորելու և աշխատելու: 
 
Այո՛, այո՛, այս քաղաքում աշխատելը պարտադիր պայման է, որպեսզի կարողանաս վճարել զվարճանքներիդ համար: 
 
Պարզվում է, «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք մուտք գործելուց հետո առաջին քայլը որ պետք է անես, դա բանկ այցելելն ու համապատասխան չեկով որոշակի գումար կանխիկացնելն է, որից հետո առանց մայրիկի կամ հայրիկի օգնության, ինքդ ես որոշում՝  ուր գնալ և ինչպես անցկացնել օրդ :  
 
2 տարում կառուցված այս քաղաքում գործում է 23 հաստատություն` գիտելիքների կենտրոն փոստային և փրկարար ծառայություն, ոստիկանություն, բանկ, սրաճարան, հիվանդանոց, հրուշակեղենի ֆաբրիկա, պարային ստուդիա, գեղեցկության սրահ և այլն: 
 
Ինչպես տեղեկացրեց քաղաքի նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը, «Սիթիզենում» երեխաները հնարավորություն ունեն սեփական փորձով բացահայտել ավելի քան 60 մասնագիտությունների գաղտնիքներ, նաև հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ ու մարտահրավերներ: 
 
Ի տարբերություն այլ քաղաքների` այստեղ վարսավիրություն, պար և անգամ հաղորդավարություն սովորելու համար վճարել պետք չէ, այլ հակառակը սովորելու դիմաց կարելի է գումար վաստակել ու ծախսել ըստ ցանկության:
 
Երեխաների երազանքների քաղաք պարբերական այցելությունը խրախուսվում է «Սիթիզեն»-ի անձնագրով, կացության քարտով և վարորդական իրավունքով, իսկ գոնե մեկ անգամ այցելությունը ցանկալի է: 
 
Հենց այս նպատակով նախագծի հեղինակները համագործակցում են տարբեր բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների, նաև սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները ևս այցելեն «Սիթիզեն»: 
 
Ի դեպ՝ այս գունեղ, բարի ու անվտանգ քաղաքում կան թեքահարթակներ, հատկացված ավտոկայանատեղի, վերելակ ու սանհանգույցներ, որոնք ոչ մի խոչընդոտ չեն առաջացնի հաշմանդամություն ունեցող երեխաների ազատ տեղաշարժի համար: 
 
Մինչ երեխաները կփորձեն ինքնուրույն կողմնորոշվել մասնագիտությունների մանկական քաղաքում, նրանց ծնողները կարող են կարտերով սլանալ 1000 մետր երկարություն ունեցող կարտինգի երթուղով: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից