Ունեզուրկ գործարարն ահազանգում է հերթական ապօրինության մասին՝ հրավիրելով ԱԱԾ-ի ուշադրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական մարմինների աջակցությամբ գործող ՀԷԿ-ի 74 տոկոս բաժնեմասից սեփականատերը զրկվել է իր կամքին հակառակ և անհատույց



14-06-2018 17:10:18   | Հայաստան  |  Իրավունք
 


Պետական մարմինների թողտվությամբ և աջակցությամբ գործող ՀԷԿ-ի (տարեկան ունի 350-400 մլն դրամ արտադրողականություն) 74 տոկոս բաժնեմասից սեփականատերը զրկվել է իր կամքին հակառակ և անհատույց: 
 
Այս մասին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում ահազանգեցին ՀԷԿ-ի հիմնադիր Աշոտ Զաքարյանը և փաստաբան Տիգրան Մուրադյանը: 
 
Վերջինիս տեղեկացմամբ՝ հերթական անօրինականությունն է տեղի ունեցել, որին մասնակցություն ունեն նաև Արտաշատի դատարանի կոնկրետ դատավորներ՝ Բալյանը և Մատինյանը: 
 
Ինչպես պարզաբանեց Վայոց Ձորում 2010 թվականին կառուցված «Արփա» ՀԷԿ-ի հիմնադիր Աշոտ Զաքարյանը, ժամանակին ունենալով լավ վարկային պատմություն, խոշոր չափերով վարկ է վերցրել նշյալ ՀԷԿ-ը կառուցելու համար: 
 
Նրա խոսքերով՝ փոքր ՀԷԿ-ի շինարարությունը գրեթե ավարտին է հասցված եղել, երբ համապատասխան խողովակաշարի կառուցումն ավարտին հասցնելու համար պարտքով խողովակներ է խնդրել բարերար, մեծահարուստ Գրիգոր Պուշկինի Գրիգորյանից, ում հետ արդեն իսկ գործընկերային հարաբերություններ է ունեցել: 
 
«Նա հրաժարվեց, սակայն առաջարկեց, որ ձեռք բերի ՀԷԿ-ում ինձ պատկանող բաժնեմասի 50 տոկոսը, որի դիմաց պետք է 200 մլն դրամի չափով հօգուտ ինձ՝ ներդներ ՀԷԿ-ի կառուցման ծրագրում, իսկ այնուհետ 50 մլն հանձներ ինձ: Դրա վերաբերյալ իմ և Գրիգորի միջև կնքվեց համաձայնագիր, սակայն բառի ուղիղ իմաստով՝ նա դիմեց խաբեության: 200 մլն դրամ ընկերությանը պարտքով գումար տվեց, որն անմիջապես ետ փոխանցվեց իր գործարան՝ որպես խողովակաշարի արժեք, սակայն ոչ թե իմ 50 տոկոս բաժնեմասի դիմաց, այլ ուղղակի փոխառությամբ»,- մանրամասնեց Ա. Զաքարյանը՝ նկատելով, որ երբ ինքն իր բաժնեմասի դիմաց պարտքը ետ վերցնելու համար դիմել է Գրիգոր Գրիգորյանին,  վերջինիս պատասխանել է, որ ոչ մի գումար էլ չի վճարելու: 
 
Ունեզուրկ Զաքարյանի փոխանցմամբ՝ այդ օրվանից իրենց հարաբերությունները լարվել են, իսկ Գրիգոր Գրիգորյանը սկսել է հայտարարել, թե ինքը յուրացումներ է կատարել ՀԷԿ-ը կառուցելու ընթացքում, ինչը հերքվել է հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննության արդյունքում: 
 
Այդքանով սակայն Գ. Գրիգորյանը չի սահմանափակվել: Ա. Զաքարյանի պնդմամբ, վերջինս օգտագործելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ու դատավորների հետ ունեցած կապերը, հալածանքներ է սկսել ոչ միայն իր, այլև ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: 
 
«Նա այնպես արեց, որ ինձ ունեզրկելու բոլոր գործերը Վայքի դատարանից տեղափոխեց Արտաշատի դատարան՝ իր մտերիմ դատավորների մոտ, և իմ ընտանիքիս նկատմամբ մոտ 40-ից ավելի շինծու հայցերով արգելանք դրեց ողջ գույքի վրա, այնպիսի ծանր դրության մեջ դրեց, որ լռեմ և համակերպվեմ այն մտքի հետ, որ Գ. Գրիգորյանն իմ ՀԷԿ-ի 50 տոկոս բաժնեմասի դիմաց ինձ ոչինչ չպետք է վճարի: Դրանից հետո ՀԷԿ-ի՝ ինձ և կնոջս պատկանող մնացած 25 տոկոս բաժնեմասը փաստացի կեղծմամբ շուրջ 600 մլն դրամ արժողությամբ ՀԷԿ-ը հաշվապահական խեղաթյուրման արդյունքում 2000 ԱՄՆ դոլար դարձնելով՝ պետռեգիստրի պաշտոնատար անձանց հետ ներդրում կատարելու անվան տակ դարձյալ անհատույց եղանակով դարձրեց իրենով»,- փաստեց Ա. Զաքարյանը՝ շեշտելով, որ Գ. Գրիգորյանին աջակցում են ոչ միայն դատավորներն ու դատախազները, այլև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:  
 
Փաստաբան Տ. Մանուկյանի գնահատմամբ՝ իր փաստաբանական գործունեության ընթացքում  նման «աբսուրդ» իրավիճակի դեռ չէր հանդիպել: 
 
Նա տեղեկացրեց, որ Ա. Զաքարյանը և նրա ընտանիքն ապրում են Վայք քաղաքում, սակայն վերջիններիս դեմ Գ. Գրիգորյանի կողմից ներկայացված հայցերով գործերը տեղափոխվել են Արտաշատ:  
 
Այս խնդրով Ա. Զաքարյանը և իր փաստաբանը պատրաստվում է դիմել նաև Ազգային անվտանգության ծառայությանը և պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև կհասնեն արդարադատության: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1196 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար