Չբացահայտված և հանրային հնչեղություն ունեցող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքները կակտիվացվեն. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություններ է տվել

14-06-2018 18:13:39   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
 


Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ, նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը: Այս հանգամանքը ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ նոր նախադրյալներ է ստեղծում չբացահայտված, այդ թվում հանրային առանձնահատուկ ուշադրության արժանացած ծանր հանցագործություններով քննվող գործերի վարույթներում ներգրավված անձանց հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու և դա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը ծառայեցնելու առումով առավել նպատակային դարձնելու համար:
 
Վերջինիս անհրաժեշտությունը մշտապես կարևորվել է հատկապես չբացահայտված սպանությունների և սպանության փորձերի, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված այն քրեական գործերով, որոնց քննության լիարժեքության և օբյեկտիվության վերաբերյալ մինչ այս հանրության մոտ առկա են եղել չփարատված կասկածներ կամ մտահոգություններ:
 
Ըստ Արթուր Դավթյանի՝ օգտագործելով հանրային աջակցության այս ռեսուրսը, անհրաժեշտ է դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցների գործադրմամբ էականորեն ակտիվացնել նմանատիպ հանցագործությունների, դրանք կատարողների բացահայտմանը, քրեական պատասխանատության անխուսափելիության ապահովմանն ուղղված աշխատանքները:
 
«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները: Ընդ որում՝ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ. հստակ պետք է նշել՝ կոնկրետ ում կամ ինչ ուղղություններով պետք է իրականացվեն օեպրատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի դրանից, այդ բոլոր գործերով պետք է ակտիվ քննչական գործողություններ սկսելուն ուղղված ցուցումներ տրվեն քննիչներին»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
 
Հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ:
 
ՀՀ գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:
 
Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է այս գործի շրջանակներում ևս ստեղծել դատախազների խումբ:
 
Մեծապես կարևորվել է նմանատիպ, ինչպես նաև չբացահայտված այլ գործերով վարույթի ակտիվ մասնակիցների՝ դիմում-բողոքների կապակցությամբ կամ անհատական նախաձեռնությամբ պարտադիր անձնական ընդունելությունների կազմակերպումը՝ արդյունավետ համագործակցության ձևավորման, ինչպես նաև քննության ուղղությունների ճիշտ տակտիկական մոտեցումները ձևակերպելու նպատակով:
 
Բացի վերոնշյալ գործերից, շեշտվել է նաև դատախազական մեխանիզմների կիրառմամբ խոշոր հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության հատկանիշներով հարուցված և կասեցված, ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանցով ևս ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և քննչական ու դատավարական գործողությունների կատարւմը պահանջելու խնդիրը:
 
Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ուսումնասիրության առարկա դարձնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների կողմից հետաքննության մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով տրված հանձնարարությունների կատարման վիճակը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից դրանց իրացման արդյունավետությունը գնահատելու և համապատասխան հետևություններ կատարելու համար:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 338 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար