ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

14-06-2018 18:44:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը,  ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն ս.թ. մարտից առ այսօր իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 11 դեպքերի հատուցում, որոնցից 9-ը զոհված, իսկ 2-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին: 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 9 մլրդ, իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 523 մլն դրամը: Ծրագիրը հաջողությամբ  շարունակում է գործել՝ հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով: Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է նաև հիմնադրամին նվիրաբերություններ կատարելու նոր եղանակները, որոնք ստացել են 
«Ի հիշատակ» և «Ի պատիվ» պայմանական անվանումները: Այս ձևով նվիրաբերություններ կատարելու կարգը և մանրամասները ներկայացված են հիմնադրամի www.1000plus.am կայքում:
Նիստի ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նաև նոր ծրագիր: Այն ենթադրում է, որ եթե զինծառայողը հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է հաշմանդամություն, ապա նախքան իրավական ընթացակարգով հաշմանդամության կարգը որոշելը և հատուցում տրամադրելը, հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողը յուրաքանչյուր ամիս կստանա 100.000 դրամ՝ որոշակի ծախսեր հոգալու համար:  
Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև 2018 թվականի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել «Հիմնադրամի դեսպաններ» նախագծի ընթացքին, ըստ որի՝ առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ Հիմնադրամի աշխատանքներին ակտիվորեն ներգրավված անձինք, ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 273 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար