«Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել այնտեղ». Արծրուն Հովհաննիսյան․168.am

18-06-2018 14:34:08   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am «Ձեր ասած՝ իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրված են Զինուժի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին, երկու հիմնական ճանապարհով»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ԵԿՄ-ն արդեն 20 տարուց ավելի է՝ պահեստազորի ակտիվ բանակումներ է իրականացնում, ստանում տարբեր տեսակի պիտույքներ։
 


«Երկրորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախում եղել են կամավորական խմբեր, ՊԲ մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն։ Հիմա կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մասի պիտույքների, սնունդի և մնացածի մասին է խոսքը, որ գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը»,- հայտարարեց նա։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:
 
 
Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
 
ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք։
 
Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ռազմամթերքի խնդրին՝ ընդգծելով, որ քննությունը ցույց կտա. «Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել այնտեղ»։
 
ՊՆ-ին նվիրաբերված իրերի և առարկաների մասով էլ Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնական որևէ մեկնաբանություն անել չի կարող. «Դրա համար պետք է տարանջատենք. այն իրերն ու առարկաները, որոնք օրինական կարգով հատկացվել են, բայց չեն կիրառվել, դրանք առանձին հարց են, ուղիղ կապ ունեն ՊՆ տվածի հետ, իսկ այն իրերն ու առարկաները, որոնք դպրոցներից, Ռուսաստանից, համայքներից տրված իրեր են, կապի համակարգեր են, տեղ չեն հասել, ես սրա մասով որևէ բան չեմ կարող ասել։ Նորից եմ կրկնում՝ շուրջ 20 և ավելի տարիներ ԵԿՄ-ն ամեն տարի բանակումներ է իրականացնում հարյուրավոր երիտասարդների, և դրա համար դիմում ու ստանում է համապատասխան առարկաներ։ ՊՆ-ն այլ վերահսկողության մեխանիզմներ չունի»։
 
Հարցին՝ եթե այդ ամենն իր նպատակին չի ծառայել, ի՞նչ է լինելու, նա պատասխանեց, որ դա արդեն քրեորեն պատժելի արարք է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1490 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար