Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշորեն արտահայտվի նման հարցերի շուրջ. ռուս քաղաքագետը՝ Փանիկի դեպքերի շուրջ վարչապետի արձագանքի մասին․Tert.am

19-07-2018 18:58:20   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Tert.am   Հայաստանի վարչապետը պետք է զգուշորեն արտահայտվի Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքող իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում անցկացրած զորավարժությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին, որ սա սադրանք է՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության:
 


Ստանիսլավ Տարասովն ասաց, որ տեղի ունեցածը ցավալի է, բայց որպես կանոն՝ Հայաստանի իշխանությունները ռուսական 102-րդ ռազմաբազայի նման գործողությունների մասին տեղեկացված են լինում:
 
«Պետք է պարզել, թե ինչու է դա տեղի ունեցել, որպեսզի պարզվի, թե ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Ես իհարկե չեմ կասկածում ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ ռազմաբազայի պաշտոնական ներկայացուցիչների բացատրություններին, բայց ուսումնասիրություն ամեն դեպքում պետք է տանել»,- ասաց քաղաքագետը:
 
Նա նշեց, որ իր համար մտահոգիչ է, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշ մարդիկ արհեստականորեն սեպեր են խրում:
 
«Ուզեք թե չուզեք, ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում երաշխավորում է ՀՀ անվտանգությունը, և ես ուզում եմ հարց ուղել այն հայերին, ովքեր դեմ են արտահայտվում Հայաստանում ռուսական ներկայացվածությանը՝ դուք ո՞ւմ եք սպասում` թուրքերի՞ն, թե ադրբեջանցիներին, թե՞ մտածում եք, որ ԱՄՆ-ն է գալու ու ներկայացվածություն ապահովի: Ենթադրենք, ռուսները գնացին, հետո, ի՞նչ է լինելու, պատկերացնո՞ւմ են նրանք»,- նշեց Ս. Տարասովը:
 
Քաղաքագետի խոսքով` որոշ ուժեր բորբոքում են հակառուսական տրամադրություններ և Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշորեն արտահայտվի նման հարցերի շուրջ, ընտրի ձևակերպումները: «Ասել, որ սադրանք է… Նա հնարավորություն ունի ռուսական բարձր իշխանությունների հետ պարզել իրավիճակը նման հայտարարություններից առաջ, պարզաբանումներ ստանալ, հետո որակել դա սադրանք: Սա անհասկանալի հայտարարություն է»,- շեշտեց նա:
 
Տարասովը նշեց, որ պաշտոնական Մոսկվան կարձագանքի ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ Հայաստանի նման հայտարարություններին: «Ռուսները հենց այնպես չեն հայտնվել Գյումրիում: Ռազմաբազան տեղակայվել է համաձայնությամբ: Բոլորին հասկանալի է, որ զորավարժություններ անցկացվում են, դա նորմալ է, ես չեմ կարող չհավատալ Հայաստանի, 102-րդ բազայի ներկայացուցիչներին, դրա համար նորից եմ կրկնում, սա պետք է լրացուցիչ ուսումնասիրվի»,- հավելեց Ստանիսլավ Տարասովը:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2381 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար