Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը գործել է Սևանա լճի և Հայաստանի, հայ ժողովրդի շահերի դեմ (տեսանյութ)



19-07-2018 21:50:51   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
 
2012 թվականին, 2014 թվականին, 2017 թվականին ՀՀ կառավարությունը համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, որպեսզի Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնվի, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրը գերազանցվի` պատճառաբանությամբ, որ տարին չորային է, ոռոգման խնդիրներ կան և այլն:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում գրված է, որ Ազգային ժողովը կարող է այդպիսի փոփոխություն կատարել, թույլատրել օրենքով նախատեսվածից ավելի ջրի բաց թողնում Սևանա լճից, սակայն մի պայմանով, որ լճի մակարդակի նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատ պակաս չլինի, բացառվի Սևանա լճի ջրային պաշարի բացասական հաշվեկշիռը: Սակայն, կոպտորեն խախտվել է օրենքի այդ դրույթը. 2012 և 2014 թվականներին ջրի լրացուցիչ բացթողման հետևանքով հաջորդած տարիների (2013 և 2015 թթ.) հունվարի 1-ի դրությամբ լճի մակարդակը համապատասխանաբար 2012 և 2014 թվականների հունվարի 1-ի համեմատ 3-4 սանտիմետրով նվազել է:
Էլ ավելի խայտառակ պատկեր ու Սևանա լճի համար վտանգավոր իրավիճակ է գրանցվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ 2017 թվականին լրացուցիչ 100 մլն խմ ջուր (բացի նախատեսված 170 մլն խմ-ից) բաց թողնելն արտոնող ԱԺ-ի լրացումից և լճից հավելյալ ջրառից հետո: Չնայած օրենքի 5-րդ հավելվածի 3-րդ գլխով նախատեսվել է, որ հավելյալ ջրառից հետո լճի մակարդակի եղած ու 18 սանտիմետրի հասնող բարձրացումից գոնե 10 սանտիմետրը պետք է պահպանվի, սակայն իրականում ոչ միայն այդ 10 սանտիմետրն էլ չի պահպանվել, այլև 2018թ. հունվարի 1-ին մակարդակի 4 սանտիմետր նվազում է արձանագրվել 2017թ. հունվարի 1-ի նիշի համեմատ:
Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը ինչպես 2012, 2014, այնպես էլ 2017 թվականներին Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել, ինչի արդյունքում է նաև, որ խախտվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջը: Բնականաբար, հարց է առաջանում` ինչի՞ համար է նշված հանձնաժողովը` Սևանա լճի շահերը պաշտպանելո՞ ւ, թե նրա դեմ գործելու և օրենքի պահանջի խախտման առջև կանաչ լույս վառելու: Ի վերջո, ո՞վ է պատասխան տալու Սևանա լճին և Հայաստանին, հայ ժողովրդին պատճառված հիշյալ մեծ վնասի համար:
«Գիտեք ինչ, մեզ դիմում է ջրային տնտեսության պետական կոմիտեն` ասելով, որ չոր տարի է, ոռոգման համար ջրի պակաս կա և այլն, և պետք է այդքան, այդքան թույլատրել,- ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ԳԱ ակադեմիային կից Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը (դիտել 4:13-ից):- Այնտեղ հաշվարկներով է անցյալ տարվա: Ես որպես անդամ այդ հարցը բարձրացրի, որ եթե հաշվեկշիռը լինելու է բացասական, ես դեմ կլինեմ, բայց իրենք ապացուցեցին հաշվարկներով, որ պետք է բացասական չլինի: Ցավոք, եղավ»:
Իսկ ինչո՞ւ, հաշվարկնե՞րն էին սխալ…
«Չէ,- շարունակեց Բարդուխ Գաբրիելյանը,- որովհետև իրենք հաշվարկում են երևի, օրինակ, 10 տարվա կամ 20 տարվա միջիններով, բայց հաշվի երևի չառնվավ, որ գնալով այս կլիմայի փոփոխության պայմաններում մենք տարեցտարի կարող է ավելի չոր պայմաններ ունենանք, և, բացի դրանից, այդ ձյունը չի մնում սարերում և այդ մակերևույթային հոսքով դուրս է մղվում և չի ներծծվում հողի մեջ»:
Բայց չէ՞ որ եղած վիճակի վերաբերյալ այդ տվյալը ջրային տնտեսության պետական կոմիտեն, ՀՀ կառավարությունն արդեն ունեին, 2012թ. ջրի լրացուցիչ բաց թողումից և 2013թ. հունվարի 1-ին լճի մակարդակի բացասական հաշվեկշռի արձանագրումից հետո նույն սխալն ինչպե՞ս կարող էին թույլ տալ նաև հետագայում, ինչպե՞ս և ինչո՞ւ են թույլ տվել նաև 2014 և 2017 թվականներին: Ի վերջո, չէ՞ որ ձեռքի տակ պետք է ունենային ու հաշվի առնեին նաև «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի («Հայպետհիդրոմետի») տվյալները: Ո՞վ կարող է պատասխանել այս հարցերին…
«Համենայն դեպս, ես եղել եմ դեմ»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 7152 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար