Բախումը կարող էր և շատ ծանր հետևանքներ ունենալ դրա մասնակիցների համար, էլ չասած այն մասին, որ դա կվերածվեր համազգային խայտառակության

19-07-2018 22:49:59   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև բազմաթիվ այլ հոգևորականների, ըստ էության, խորքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մի խումբ անդամներ, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. հուլիսի 13-ի առավոտյան, ժամը մոտ 9-ին դարձյալ մուտք են գործել Մայր Աթոռի տարածք: Նրանք նաև բարձրախոսով վիրավորական ու սադրիչ արտահայտություններ են ուղղել Կաթողիկոսին և այլ հոգևորականների, օրինակ, Կաթողիկոսի նկատմամբ իրենց զրպարտությունը (իբր թե վաճառել է Սուրբ Գեղարդը) բացահայտած տեր Ասողիկին անվանել են սատանա և դիվահար: 
Չնայած վերը նշվածին, Մայր Աթոռի տարածքում գտնվող ոստիկանները, ըստ էության, չեն արգելել, թույլատրել են հիշյալ նախաձեռնության անդամների հակաօրինական գործողությունները, թեև վերջիններն ամեն կերպ փորձել են հոգևոր հայրերին սադրելով, բախում հրահրել՝ նրանում ներքաշելով հոգևորականներին: Երբ դա հաջողվել է, սադրիչներն արագ միացրել են իրենց տեսախցիկներն ու սկսել փութաջանորեն նկարահանել ու ձայնագրել, փորձելով հավաքել զայրացած հոգևորականների դեմ վկայող համապատասխան կադրեր: Եվ սա` չնայած նրան, որ հոգևորականները հիշյալ նախաձեռնության անդամներին ավելի վաղ հորդորել են դադարեցնել սադրիչ գործողությունները, չխանգարել իրենց աշխատանքներին և եկեղեցու ներսում աղոթք անողներին: Այնուհանդերձ, նախաձեռնության անդամներն անտեսելով հոգևորականների և այլոց կոչերը, շարունակել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել:
Հոգևոր հայրերն այլևս չհանդուրժելով վիրավորանքների տարափը, ոստիկանների կրավորական կեցվածքի պայմաններում հարկադրված են եղել Մայր Աթոռի տարածքից  սեփական ուժերով դուրս հանել նախաձեռնության անդամներին: Դրանից հետո կատարվել է այն, ինչը, ամենայն հավանականությամբ, նախատեսել էին ցուցարաները. տեղի  է ունեցել բախում հոգևորականների ու ցուցարարների միջև: Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, վերջիններս հիմնականում  թիրախավորել են Գևորգ սրբազանին, հավանաբար վերջերս նրա այն հայտարարության պատճառով, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից  մեկի մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ թե թմրանյութի նմանվող զանգված: 
Հոգևորականների հետ վեճից և նրանց դիմադրությանը հանդիպելուց որոշ ժամանակ հետո, ցուցարարները, նաև ոստիկանների միջամտության արդյունքում, հեռացել են Մայր Աթոռի տարածքից: Ոստիկանները պարզապես թույլ չեն տվել, որ բախումը խորանա, զանգվածային ու մասշտաբային լինի, ինչը կարող էր և շատ ծանր հետևանքներ ունենալ դրա մասնակիցների համար, էլ չասած այն մասին, որ դա կվերածվեր համազգային խայտառակության:
Haydzayn.am կայքի տեղեկացմամբ, ցուցարարներից մեկը բախման ժամանակ բղավել է՝ թողեք խփի (սրբազանը-խմբ.), մեկ ուրիշն էլ ընկերոջը հորդորել է, որ արագ նկարի այդ պահը: Այն, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության որոշ անդամներ իրենց առջև խնդիր էին դրել թեկուզ սադրանքի գնով համապատասխան կադրեր ձեռք բերել, ակնհայտ է հենց նախաձեռնության կողմից իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութից («Արի ընկեր, դու տեղով արդեն այնքան լավ կադրեր ունես…»): Հոգևոր հայրերը կայքի թղթակցի հետ զրույցում նշել են, որ, որպես եկեղեցու զինվորներ, իրենք միշտ կանգնելու են եկեղեցու կամարներից ներս և պաշտպանելու են Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին սադրանքներից ու սրբապղծությունից:
Նախաձեռնության անդամներն իրենց գոռգոռոցներով խանգարել են նաև Մայրավանքում ներանձնանալ և աղոթել ցանկացողներին, այդպիսով խախտել նաև նրանց իրավունքը:
«Կանոնական տեսանկյունից պաշտամունքային վայրում և հատկապես վանքում աղոթական մթնոլորտի գիտակցված խաթարումն արժանանում է ՆԶՈՎՔԻ և ԱՆԵԾՔԻ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը:-Ներողամտության և համբերության պաշարն այլևս սպառված է: Որևէ նմանատիպ պահվածք, անկախ շարժառիթներից, պաշտամունքային վայրերում և եկեղեցիներում արժանանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԶԻՆՎՈՐՅԱԼ միաբանության և հոգևորականների կոշտ արձագանքին»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3000 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար