Չգնեք Սևանա լճի սիգն ու կարասը, դրանք կարող են թունավորված լինել (տեսանյութ և ֆոտոշարք)

Երբ վտանգված է մեր ազգային անվտանգությունը, պատկան մարմինները հանցավոր լռության համար պատասխան են տալու



08-08-2018 22:15:46   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
 
 
Սևանա լճում հատկապես այս տարի կապտականաչ ջրիմուռների (դրանց մի մասը թունավոր է) բուռն աճը, նշված ջրիմուռներով լճի խիստ վտանգավոր ծաղկումը Հայաստանի ղեկավարության և համապատասխան այլ պաշտոնյաների շրջանում կարծես թե առանձնապես մտահոգության տեղիք չի տալիս, եթե չասենք, որ ոմանց կողմից ընդհանրապես լռություն է: Մինչդեռ իրականում ի՞նչ վտանգ է ներկայացնում Սևանա լճում հիշյալ ջրիմուռների աննախադեպ ծաղկումը…
«Ջրիմուռների ծաղկումը վկայում է Հայաստանի պետական անվտանգությանը նոր ու շատ խոշոր մարտահրավերի մասին»,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց կենսաֆիզիկոս, քիմիկոս, տնտեսագետ, Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ Արմեն Ավագյանը (դիտել 7:08-ից):
Գիտնականի տեղեկացմամբ, Սևանա լճում այս կապտականաչ ցիանաբակտերիաների (անաբենա) առաջին ծաղկումը գրանցվել է դեռ 1964 թվականին:
«Ցիանաբակտերիաները կարող են արտադրել տոքսիններ` պատասխանատու դառնալով ջրի հետ կապված թունավորման ավելացման հետ` ինչպես մարդկանց, այնպես էլ վայրի բնության, և լուրջ դժվարություններ սռեղծել ջրի մատակարարների համար- ասաց Արմեն Ավագյանը:- 1998 թվականին ԱՄՆ-ի բնապահպանական գործակալությունը ցիանաբակտերիաները և դրանց տոքսինները ներառել է աղտոտիչների ցանկում որպես առաջատարներ: Ցիանաբակտերիաները կարող են հանդիսանալ ալերգիկ ռեակցիաների, գաստրոէնտրիտների ու նույնիսկ ավելի ծանր հիվանդությունների պատճառ… Նեյրոտոքսինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները` լյարդը, դերմատոտոքսինները գրգռում են մաշկը և լորձաթաղանթները»:
Ինչպես «Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրը նշեց, անաբենայի (կապտականաչ ջրիմուռի տեսակ) կողմից, որը Սևանում առկա է, արտադրված նեյրոտոքսինային ալկալոիդները մարդու համար մահացու են ջրի 1 լիտրում 20 միկրոգրամ պարունակության պարագայում, աֆանատոքսիններն առաջացնում են շնչռական մկանների կաթված: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ջրում միկրոտոքսինի թույլատրելի նորմը կազմում է մինչև 1 միկրոգրամ լիտրում: Որոշ տոքսիններ խթանում են ուռուցքի զարգացումը»:
Արմեն Ավագյանի հավաստմամբ, կապտականաչ ջրիմուռների արտադրած թույնով թունավորվելու արդյունքում գրանցվել է նաև կովերի, խոզերի, ոչխարների, շների ու թռչունների լյարդի վնասում և անկում: Մարդկանց, անասունների, թռչնաբուծական և ձկնաբուծական տնտեսությունների, խեցգետինների, ընդհանրապես ջրային ֆաունայի թունավորումը կարող է տեղի ունենալ ինչպես հիշյալ ջրիմուռների ծաղկման շրջանում տոքսիններ պարունակող ջրի հետ շփման կամ այդ ջուրը խմելու միջոցով, այնպես էլ այդպիսի ջրով աճեցված գյուղմթերքի օգտագործման հետևանքով: Այլ կերպ ասած, թունավորման վտանգի տակ են ոչ միայն Սևանա լճի ձկներն ու խեցգետինները, այլև լճի ջրով ոռոգված Արարատյան դաշտի պտուղ-բանջարեղենը, եթե լիճը ներկայիս իրավիճակից հանելու համար անհապաղ չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, և ջրում թույնի պարունակությունը գնալով ավելանա:
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որին ականատես ենք այժմ, ըստ գիտնականի, կարող է բավական լուրջ առողջական խնդիրներ առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում, այն մեր ազգային անվտանգության նկատմամբ խոշոր մարտահրավեր է, քանի որ սպառնալիքի տակ է նաև մեր սննդի անվտանգությանը, ձկները, երբ որ այդպիսի թունավոր նյութեր են կլանում, դա մտնում է նրանց մեջ, մարդը սնվելով այդ ձկներով, անուղղակիորեն է ստանում այդ տոքսինները:
Ավելին. Սևանա լիճը, ինչպես գիտնականը նշեց, մեր ոռոգման ու խմելու ջրերի 80 տոկոսն է ապահովում, և եթե այսպես շարունակվի աղտոտվել, մենք կզրկվենք նշված ջրերն օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև անասնապահությունից ու ձկնաբուծությունից: Հավելենք նաև, որ էապես կբարձրանան բնակչության հիվանդացության ու մահացության առանց այն էլ բարձր ցուցանիշները: Սևանա լճում ջրի աղտոտման հանգեցրած և կապտականաչ ջրիմուռների աճը խթանած ու խթանող օրգանական նյութը, նույնիսկ ՀՀ բնապահպանության նախարարության 2017թ. պաշտոնական տեղեկատվության համաձայն, գերազանցում է թույլատրելի նորման: Նույն ուսումնասիրության համաձայն, պղնձի քանակը Սևանա լճում սահմանային թույլատրելի խտությունը գերազանցում է 1,3-7,3 անգամ, քրոմի քանակը 2-3,8 անգամ, վանադիումինը` 5-5,6 անգամ, մագնեզիումինը` 1,2 անգամ, սելենինը`  5,7-7 անգամ: Ո՞վ, ավելի ճիշտ, ովքե՞ր են պատասխան տալու այս ամենի համար: Լիճը հենց այնպես չէր կարող կեղտոտվել և ինքն իրեն չի կեղտոտվել վերոնշյալ նյութերով, մարդիկ են մեղավոր` պետական համապատասխան պաշտոնյաները (նախկին ու ներկա), տնտեսվարողները… Եթե նրանք չկանչվեն պատասխանատվության, ուրեմն կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը ձևական է, կոռուպցիայի դեմ պայքարելու երևութականություն ստեղծելու նպատակ ունեցող, ուրեմն իրականում չկա նոր Հայաստան, կեղծիքով անվանափոխված հին Հայաստանն է:
Նշենք նաև, որ Արմեն Ավագյանը ամերիկյան քիմիական ընկերակցության և ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերակցության անդամ է, նա առաջինն է, Հայաստանի գիտնականներից, որ ԱՄՆ-ում ճանաչվել է  որպես հանճար, ստացել է  Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկրի կոչում, համարվելով որպես գիտության պատմության մեջ ամենամեծ և ամենաազդեցիկ  առաջնորդներից մեկը։ Նա նաև Անգլիայի Քեմբրիջի համալսարանի կողմից ընդգրկվել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցանկում, և նրան շնորհվել է «Միջազգային նախագահական մրցանակ»: Արմեն Ավագյանի կենսագրությունն ընդգրկված ԱՄՆ-ի և Քեմբրիջի տարբեր գիտական կենտրոնների կենսագրական գրքերում՝ «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան», ինչպես նաև Մարքիուսի «Ով ով է» գրքում:
2017թ. Արմեն Ավագյանն ընտրվել է նաև 115 երկրներից 2307 ակադեմիկոսների միավորող Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ (քիմիա և շրջակա միջավայր բաժանմունքներ), ինչպես նաև արժանացել է 1899 թվականից գործող ԱՄՆ-ի Մարքիուսի «Ով ով է»‰(«Marquis Who's Who») հրատակության հիմնադրի անվան («The Albert Nelson Marquis Lifetime Achievement») բարձրագույն մրցանակին՝ իր ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար:
Արմեն Ավագյանը հանդիսանում է միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ` «Էկոլոգիական քիմիական Ճարտարագիտություն» ամսագրի (ԱՄՆ), «Քիմիական, բնապահպանական և կենսաբանական Ճարտարագիտություն» ամսագրի‰(ԱՄՆ,), ինչպես նաև «Ժամանակակից կառավարման ֆորում» ամսագրի‰ (Սինգապուր):
Արմեն Ավագյանն այս տարի հանդիսանում է նաև տարբեր միջազգային գիտաժողովների կազմակերպչական կոմիտեների անդամ, այդ թվում` «Կլիմայի Փոփոխության և Գլոբալ Տաքացում» 5-րդ համաշխարհային կոնֆերանսի (Նյու Յորք, ԱՄՆ), «Թափոնների վերամշակման և կրկին օգտագործման 7-րդ համաշխարհային կոնվենցիա»գագաթաժողովի (Տոկիո, Ճապոնիա), «Ջրերի աղտոտում և կեղտաջրերի կառավարում» գիտաժողովի (Հռոմ, Իտալիա), «Կենսաէներգիայի կոնգրեսի» (Բեռլին, Գերմանիա), «Երկրի գիտության և երկրաբանության. Երկրում տեղի ունեցած փոփոխությունները խթանելու և վերլուծելու» (Ամստերդամ, Նիդեռլանդներ), «Ջրամբարների ճարտարագիտություն` նավթի և գազի ծայրահեղ արտանետումների համար» (Բուենոս Այրես, Արգենտինա), «Էկոլոգիական գիտություն և տեխնոլոգիա» (Վիեննա, Ավստրիա) գիտաժողովների:
Արմեն Ավագյանի բացառիկ համաշխարհային նվաճումը համարվում է հեղինակած տեսությունը, ներկայացված հեղինակի «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական և կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա: Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում» աշխատությամբ, որը հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» հրատարակչությունում:
Տեղեկացնենք, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների բուռն ու վտանգավոր աճին ավելի վաղ անդրադարձել ենք մեր «Սևանա լճում այս տարի կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ է եղել, դրանց մի մասը թունավոր է, սկսվել են հետազոտություններ (տեսանյութեր)» հրապարակմամբ:
«Գիտական Հայաստան» հաղորդաշարի հյուրի հետ հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Մանրամասները` տեսանյութում
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 22174 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար