Հակահեղափոխության մասին վախերը արհեստածին են. Վտանգն այլ տեղ է

15-08-2018 14:34:53   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 Լրագրի  զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը
 


-Հեղափոխությունից հետո ինչպե՞ս եք գնահատում արդյունքներն այս պահի դրությամբ։ Արժեհամակարգային առումով ի՞նչ փոփոխություններ են նկատելի։
 
 
-Էական խնդիր է արժեքային կողմը, արժեքային համակարգն ամենախոցվածն է ու շատ լայն է՝ սկսած մինչ հեղափոխությունը պաշտոնյաների դիրքից, դրսևորած վարքից մինչև հեռուստատեսային սերիալների միջոցով անհասկանալի արժեքների տարածում։ Արագ բարեփոխումներ, ժողովրդի վիճակի արագ բարելավում չի լինի, այդ պատճառով նոր իշխանությունը պիտի արժեքային լուծումներին ուշադրություն դարձնի, բացթողումներ չանի։ Հասարակության վստահությունը դեռևս նոր կառավարությունն ունի՝ շատ լավ հասկանալով իրավիճակը։ Նույն կերպ մարդիկ շատ զգայուն են իշխանության, կառավարության մյուս անդամների վարք ու բարքին, և մի փոքր թերացումը շատ լուրջ արձագանքներ է բերում։ Իշխանությունը hասարակության իրականությունից չպետք է կտրվի, էմպատիան շատ կարևոր գործոն է. կրկնում եմ, դժվար է տրվելու տնտեսական արագ աճը, ներգաղթող մարդիկ էլ կարող են լուրջ հարցերի առաջ կանգնել, ներկա կառավարությունը մի բան ունի` լինել տարբեր նախորդից՝ ձևով ու բովանդակությամբ, ազնվությամբ, բացությամբ ու անկեղծությամբ, ասել է թե լինի բնական և ներդաշնակ ժողովրդի հետ։ Այժմ անհատականության ժամանակաշրջան է, բոլորը պիտի հասկանան, պիտի իմանան, որ պաշտոնյայի «ակնածանքի» ժամանակաշրջանն անցել է, որ մարդիկ այլևս պաշտոնյային վերաբերվում են հավասարի և անմիջականություն են ակնկալում։ Կարևոր է պահել և զարգացնել մարդկանց սպասումներն ու վստահությունը։
 
-Համացանցում ցանկացած գրառում, որտեղ կան քննադատական մոտեցումներ այսօրվա կառավարության և վարչապետի հասցեին, սվիններով են ընդունվում նրա համակիրների կողմից։ Ինչի՞ հետևանք է այս անհանդուրժողականությունը։
 
-Դաշտը շատ բազմաշերտ է, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում։ Նախ հասկանանք, որ առցանց կյանքը շատ տիրապետող է դարձել, հետո նոր նաև շահագրգիռ կողմերը պետք է դիտարկենք։ Ինչ որ առումով բնական ընթացող երևույթ է, հեղափոխությամբ ոգևորվածներից, հեղափոխություն իրականացնողներից, հեղափոխության իներցիայով առցանց հավաքված էմոցիոնալ չպարպված զանգվածից մինչև նախորդ իշխանությունից մնացածներ, ինչպես նաև մարգինալ մի հատված։ Այն տպավորությունն է, որ բոլորը խոսում են, բոլորը գոռում են, ում ձայնն ավելի շատ ու բարձր կհասնի։ Ընդհանրապես, ինֆորմացիայի գերավելցուկ կա, ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ մեր «տարածքում»: Նույն իրավիճակն էր, օրինակ, ԱՄՆ-ում՝ 2016 նախագահական ընտրությունների ժամանակ. որոշ վերլուծաբաններ համեմատում էին Հաքսլիի և Օրուելի ապագայի մասին պատկերացումները, որոնք իրենց ստեղծագործություններով են ներկայացրել։ Անցյալ դարի առաջին կեսում ապրած ու ստեղծագործած անգլիացի գրող, փիլիսոփա Հաքսլին կանխագուշակել էր մեր ժամանակահատվածը՝ գտնելով, որ ճշմարտությունը կարող է խեղդվել անադվեկատության ծովում՝ մատուցվող տեղեկատվության հսկա ծավալի հետ կապված՝ ի հակադրություն Օրուելի, որը վախենում էր, որ գրքերը կարգելվեն, ճշմարտությունը կփակեն մեզանից։ Հիմա, փաստորեն, մենք ապրում ենք այդ շատը, Հաքսլիի տեսլականը։ Ադեկվատության մասին անիմաստ է խոսել, քանի որ օրվա բոլոր գլխավոր թեմաներով սեփական կարծիքն ու «վերլուծությունը» հայտնելու թրենդն ուղղակի առաջնային պահանջմունքի է վերածված, և ավելին է այդ պահանջմունքը, քան հաշիվ տալը «կեղծ ինֆորմացիա» կամ «ծայրահեղ մոտեցում» տարածելուն։ Կրկին նշեմ, որ միայն հայկական ֆեյսբուքի հարց չի, սա համամարդկային երևույթ է։
 
-Տեսակետ կա, որ հակահեղափոխությունը սկսել է ակտիվանալ ֆեյսբուքում։ Կիսո՞ւմ եք արդյոք այս մոտեցումը և ինչպե՞ս է հնարավոր կանխել այն։
 
-Ես հակահեղափոխության ահագնացող վտանգների մասին ոչ մի կարծիք չեմ կիսում։ Հակահեղափոխությունը նույնն էր, ինչ մայիսի 8-ին և գուցե հիմա պակաս ռեսուրսով։ Դուրս գանք դավադրություններից ու իրատեսորեն նայենք, թե ինչ ունենք։ Ունենք մի կողմում ժողովուրդ և նրա նշանակած վարչապետ, մյուս կողմում՝ նախորդ ռեժիմից մնացյալ պատգամավորներ, որոշ ներկայացուցիչներ ու սպասարկողներ։ Այն մարդիկ, որոնք իրապես ուժ են տեսնում այս եղածի մեջ, լավ չեն պատկերացնում՝ ինչ եղավ ու ինչպես եղավ և ինչ կարող է լինել, եթե հանկարծ նախկիններից փորձի մտադրություն առաջանա։ Կարևորագույնը ուղին է/էր, երբ ժողովրդի ու առաջնորդի մտքերը միանման են։ Այսինքն՝ մոտիվացված ժողովուրդ և առաջնորդ, որը պատրաստ էր մինչև վերջ տրվելու, պատճառաբանված առիթ, որը ձևակերպվեց-դարձավ նպատակ, գրեթե «բարեհաճ» եղանակ, պարզ մարտավարություն և հասարակ տեխնիկական միջոցներ՝ ինտերնետ, ֆեյսբուք, և վերջապես՝ մարտավարական կարգապահություն, բարձր կազմակերպվածություն։ Մի խոսքով՝ չինացի ռազմական արվեստի տեսաբան «Երկ ռազմարվեստի մասին» հայտնի գրքի հեղինակ Սուն Ցզիի ուսմունքներին համահունչ բոլոր պայմանների առկայություն ու անսխալ կիրառում, ինչն անխուսափելի հաղթանակ է ապահովում։ Հիմա էլ նույն իրականությունն է, նույն միավորների դասավորությունը։ Ես չեմ տեսնում, թե սանտիմետր անգամ շարժվել է տեղից այդ համընդհանուր ապրումակցումը վարչապետի հետ, հասարակությունը նույնակերպ է զգում։ Սա որպես մի անքակտելի ուժ և լեգիտիմության բարձր աստիճան։
 
-Առաջիկայում քաղաքապետի և հետո խորհրդարանական ընտրություններ են։ Ըստ Ձեզ՝ հանրությունը ինչպե՞ս է արձագանքելու այս ընտրություններին։ Արդյոք վերափոխվա՞ծ հանրույթ է։
 
-Տեսեք, շատ հետաքրքիր վիճակ է՝ կապված քաղաքապետի ընտրությունների հետ.  ֆավորիտը բնականաբար ՔՊ թեկնածուն է։ Բնականաբար եմ ասում, քանի որ այս ընտրությունը մոտ է ժամանակային առումով հեղափոխությանը և վերը նկարագրած իրողությանը․ բազմաթիվ վտանգներ ու հակահեղափոխություն են տեսնում մարդիկ, և դրա շնորհիվ ընտրվելու է ՔՊ թեկնածուն, նույնիսկ եթե երևանցիների կողմից հիմնականում ընդունելի չլինի։ Իսկ տրամաբանական և հեղափոխության ոգուն հարիր կլիներ, եթե լիներ անկաշկանդ, կարծրատիպից դուրս, օրինակ ՝ այլ կուսակցությունից երևանցիների համար ավելի նախընտրելի թեկնածու։ Հիմա, որքան շատանում են թե հհկ-ական, թե նախկին նախագահներին պաշտպանող կեղծ օգտատերեր՝ կապված քրեական պատասխանատվությունների հետ, այնքան նեղանում է ընտրությունը դեպի ՔՊ թեկնածու։ Դա մարդկանց, քաղաքացիների ինքնապաշտպանական մղումն է։ Հանրույթը ինտուիտիվ է, այսինքն՝ անգիտակցաբար իմաստուն. որքան հեղափոխության նկատմամբ ոտնձգություն նկատեն, այնքան մոտենալու են վարչապետի «շուրջբոլորը»։ Դրա համար ստեղծված հակահեղափոխության մասին վախերը մի տեսակ արհեստածին են։ Այս հակահեղափոխական աղմուկի մեջ ինձ ամենից շատ մտահոգում է հենց այս հարցը, որ հանկարծ ՔՊ-ն իր կուսակցական հավաքով չդառնա հերթական բյուրոկրատական դոգմատիկ իշխանություն՝ դուրս մղվեն պրոֆեսիոնալիզմն ու այլակարծությունը։ ՔՊ-ին ընձեռնվել է պատմական հնարավորություն՝ հաջողելու կամ ձախողելու։
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 851 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար