Արթուր Գրիգորյանն ընդունել է Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը

17-08-2018 17:42:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ)  էներգետիկայի  նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ  երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից  աշխատանքները  պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան  իրականացնելուն:
 
Իրանի  էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաև և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու  առումով:
 
Նախարար  Գրիգորյանը իր  հերթին նշել է, որ տնտեսական համագործակցության  ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել  նաև 2018 թ. Երևանում  կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ  նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և  համատեղ  ծրագրերը կյանքի կոչելու վերաբերյալ:
 
Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ  առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը:
 
Երկուստեք կարևորվել է փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը և նշվել, որ դրանք հնարավորություն են ընձեռում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ  արդյունավետ լուծումներ:
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1153 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար