Էմին Երիցյանը միջնորդություն է ներկայացրել վարչապետին ԵԽԿ-ին դիտորդական առաքելությամբ Երևանի ավագանու ընտրություններին հրավիրելու համար

20-08-2018 17:12:58   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ օրենսդրության սահմանած կարգով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:
 
ՀՀՄ նախագահը ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, վարչապետին պաշտոնական գրությամբ դիմել էր՝ միջնորդելով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու հոկտեմբերի 21-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:
 
Վարչապետին ուղղված նամակում, մասնավորապես նշված է. «ԵԽ շրջանակներում անդամ երկրներում տեղական և տարածքային իշխանությունների ընտրությունների մշտադիտարկումը ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի բացառիկ իրավասությունն է: ԵԽ Կոնգրեսը դիտարկել է ՀՀ-ում անցկացված տեղական մակարդակի բոլոր ընտրությունները, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան հանձնարարականներ: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո անցկացվող ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդներից, ինչն իր արտացոլումը կստանա դիտորդական առաքելության արդյունքում ընդունված զեկույցում՝ նպաստելով Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը »: 
 
Ամփոփելով նամակը՝ Էմին Երիցյանը վարչապետին միջնորդում է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի առջև պնդի ընտրությունների դիտարկման կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ֆինանսական դժվարությունների արդյունքում ԵԽ-ն կրճատել է իր գործողությունները, մոնիտորինգային այցերը:
 
 
Հայաստանի համայնքների միության 
 
Հաղորդակցության  և հանրային կապերի ծառայություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 457 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար