Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

11-09-2018 15:02:13   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարի շրջայացն սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարին ներկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղված հետազոտական նոր ծրագրերը:
 

Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ: Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին: Պոլիտեխնիկում նախարար Արայիկ Հարությունյանի վերջին կանգառը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայում էր, որը բացվել է 2013թ-ին` Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված այս փորձարարական կենտրոնը տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600մ2 տարածքով: Նախարար Արայիկ Հարությունյանին այստեղ ներկայացվել են ինժեներական ուղղվածության գիտաուսումնական, ինչպես նաև մրցութային մի քանի նախագծեր: Զեկուցվել է, որ լաբորատորիան բաց է ոչ միայն Պոլիտեխնիկի, այլ նաև այլ բուհերի ուսանողների և հետազոտողների համար:
 
Այնուհետև ԿԳ նախարարը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և բուհի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է ՃՇՀ ավելի քան մեկ տասնյակ լաբորատորիաներում:
 
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ՃՇՀ Դիզայն ստուդիայի, Քիմիայի և կապակցվող նյութերի, Գեոդեզիայի, Գազաջերմամատակարարման և օդափոխման, Նյութերի դիմադրության, Շինկոնստրուկցիաների լաբորատորիաների, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնական կենտրոնի ուսումնական և հետազոտական գործունեությանը: Ներկաները եղան նաև «Կրթության բարելավում»  ծրագրի շրջանակներոում բացված, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական  և Գրունտների մեխանիկայի լաբորատորիաներում, որտեղ ուսանողների համար ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու լավագույն հնարավորություններ են ստեղծված:
 
Ամփոփելով շրջայցի արդյունքը` ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար: «Հնարավորությունները, որ ունեն Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության համալսարանները, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել: Շատ կարևոր եմ համարում միջբուհական համագործակցությունը. մտահոգիչ է, որ այս լաբորատորիաներից մյուս բուհերի ուսանողներն ու դասախոսներն ավելի քիչ են օգտվում: Ես ուզում եմ կոչ անել  բոլոր համալսարանների ուսանողներին իրենց գործնական աշխատանքներում ակտիվորեն ներգրավել այս լաբորատորիաները, որովհետև սրանք բաց կառույցներ են և ստեղծված հնարավորությունները պետք է հասանելի լինեն բոլորին»,-հայտարարել է ԿԳ նախարարը և հավելել, որ Հայաստանում այսօր առաջնային է տեխնոլոգիական համալսարանների խրախուսումը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 468 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար