«Ժառանգություն». Գաղտնալսման եւ դրա ձայնագրության հեղինակները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն

12-09-2018 13:32:45   | Հայաստան  |  Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման եւ ձայնագրության հրապարակման կապակցությամբ։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր, որոնց գործունեությունն անհամատեղելի է օրինավոր, ժողովրդավարական հասարակարգ կերտելու հետ։ Մենք եւս մեկ անգամ հնչեցնում ենք թե՛ խորհրդային շրջանի գործակալական ցանցի եւ թե՛ Հայաստանի նորագույն պատմության մեջ կուսակցական համակարգում ապօրինի ներդրված կամ դրանցից հավաքագրված գործակալական ցանցի լյուստրացիայի անհրաժեշտության խնդիրը:
«Ժառանգությունը» շարունակում է աջակցել գործող կառավարությանը, այդ թվում՝ կոռուպցիայի հաղթահարման, տնտեսության ազատականացման ու հակամենաշնորհայնացման, 2008թ. մարտի 1-ի եւ նախկին իշխանությունների կատարած  պետական այլ չարաշահումների բացահայտման ու մեղավորներին արդարադատության առջեւ կանգնեցնելու գործում: 
 


Կատարվածը նաեւ հուշում է ԱԱԾ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին անվտանգությունը ապահովող պետական հիմնական կառույցի, արմատական բարեփոխման, դրանում կադրային համալիր փոփոխությունների կարեւորության մասին: 
Հորդորում ենք իրավապահ մարմիններին՝ մինչեւ վերջ հետեւողական լինել նշված ապօրինի գաղտնալսումը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում։
 
 «Ժառանգությունը» միաժամանակ կոչ է անում կառավարության համապատասխան կառույցներին՝ պահպանել առավելագույն զսպվածություն եւ հանդարտություն, ձեռնպահ մնալ այնպիսի կտրուկ գործողություններից, որոնք կարող են հակասել քաղաքացիական ազատության սկզբունքներին, վնասել ներհասարակական համերաշխությանն ու ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը: Կուսակցությունը վերստին հիշեցնում ու պնդում է, որ միակուսակցականությանն ուղղված քայլերն անհամատեղելի են Համաժողովրդական պայքարի ոգուն եւ նպատակներին: 
 
«Ժառանգություն» կուսակցություն
12 սեպտեմբերի 2018թ. 
Երեւան
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 421 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար