Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը

18-09-2018 18:38:43   | ԱՄՆ  |  Մշակույթ
Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից:
«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Հավաքածուն ներառում է 140 թանգարանային առարկա, մեծ մասը Հայաստանից տարված ցուցանմուշներն են: Ցուցադրության համադրողն է դոկտոր Հելեն Էվանսը»,-ամերիկյան ցուցահանդեսի առաջիկա մեկնարկին նվիրված ասուլիսում տեղեկացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
 


Հայաստանի պատմության թանգարանը Մետրոպոլիտենում կներկայացնի 34 ցուցանմուշ, այդ թվում՝ քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կրոնական, կենցաղային առարկաներ և այլն: Տնօրեն Գրիգոր Գրիգորյանի բնորոշմամբ՝ ցուցադրության ամբողջ ընթացքում կարմիր թելով անցնում է քրիստոնեությունը: Հայաստանը ներկայանում է իր քրիստոնեական շրջանով:
Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած 28 ձեռագրերի հիմնական մասը, ինչպես տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, ավետարաններ են, աստվածաշունչ գրքեր, նաև պատմական անձանց ներկայացնող ձեռագիր նմուշներ: Մատենադարանը ներկայանում է նաև հարուստ մանրանկարներով: 
«Ներկայացված են հայ գրչության բոլոր խոշոր կենտրոնները»,-վստահեցրեց Մատենադարանի տնօրենը: 
Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտեց, որ բանակցությունների ընթացքում հենց «Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչների ցանկությունն է եղել, որպեսզի իրենց թանգարանում ներկայանա քրիստոնյա Հայաստանը: Հոգևորականն իր խոսքում երախտագիտություն հայտնեց այն մարդկանց, ովքեր չորս տարի առաջ «Մետրոպոլիտեն» թանգարանից, նրա խոսքով, կարողացան «կորզել» այս ցուցահանդեսը: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ընդգծեց հատկապես նախաձեռնության հեղինակ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ևս իր խոսքն ավարտեց երախտագիտությամբ՝ ուղղված բոլոր այն անհատներին ու կառույցներին, ում շնորհիվ իրականություն է դառնում այս հրաշալի գաղափարը:
«Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը կգործի 2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019-ի հունվարի 13-ը:
 
 
 
 
 
 
 
ՀՀ մշակույթի նախարարություն
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 802 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար