Ես չեմ մասնակցի Հ1-ի բանավեճին, որն ուղիղ հեռարձակմամբ չէ. Հ. Մարությանին հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում իր օրակարգով. Նաիրա Զոհրաբյան..tert.am

20-09-2018 14:13:28   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
tert.am Ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերի առաջնորդների հետ Առաջին ալիքով նախատեսված բանավեճին:
 


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ծիծաղելի է բանավեճի մասնակցել, որն ուղիղ հեռարձակմամբ չի թողարկվում:
 
«Ես «Առաջին ալիքի» կազմակերպած բանավեճին՝ տեսաձայնագրության ֆորմատով, չեմ մասնակցում: Ինձ՝ որպես լրագրողի, հասկանալի չէ նախնական տեսաձայնագրությամբ դեբատը, չեմ մասնակցելու, այնպես որ, ինչպես խոստացել եք, կարող եք դատարկ աթոռ դնել, և հուսամ, որ իմ այս ասածն էլ Հ1-ը չի մոնտաժի: Նորից հորդորում եմ՝ պատրաստ եմ պարոն Մարությանի համար շատ կոմֆորտ, Հ1-ի կամ ցանկացած այլ հեռուստաալիքի եթերում, միայն իր հետ, դեմ առ դեմ բանավեճի:
 
Օրակարգն ընտրում է ինքը, պատրաստ եմ իր առաջարկած ցանկացած օրակարգի՝ բացառապես ուղիղ եթերում: 12-ի ֆորմատն ինձ համար անհասկանալի է»,- ասաց Զոհրաբյանը:
 
Դիտարկմանը, թե դա չի՞ դիտվի անհարգալից վերաբերմունք մյուսների նկատմամբ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մյուսներից ոչ ոք չի ասել՝ մեր դեմ խաղ չկա, մենք սպիտակ ենք, դուք սև եք, մյուսներից ոչ ոք չի ասել՝ գալու ենք, ջախջախելու ենք:
 
«Նման բան տեսե՞լ եք աշխարհում, որ բանավեճը լինի տեսաձայնագրությամբ: Առաջարկում են ՝ժամը 1:30 լինել տաղավարում և նախապես ձայնագրվել 12 հոգով: Դա անհարգալից վերաբերմունք է լրատվամիջոցների ու թեկնածուների նկատմամբ, իրենց առաջարկն այդ  է, որովհետև Հայկ Մարությանն ասել է, որ ինքը պատրաստ է բանավիճել 11-ի հետ: Գիտեք՝ տպավորություն է, որ ինքը Հռոմի Պապն է, մենք էլ կարդինալներն ենք, որ ինքը պետք է գա, կանգնի, մենք էլ իր դիմաց պետք է կանգնենք, որ ասի՝ ասե՛ք, լսում եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
 
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ դեպքում պետք է  հավաքվեն ավագանու բոլոր թեկնածուները և Հրազդան մարզադաշտում անցկացնեն բանավեճ:
 
Զոհրաբյանն ասաց, որ ուզում է համաձայնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ երբևէ մամուլն այդքան ազատ չի եղել, և ասաց. « Ես հույս ունեմ, որ Հ1-ը հետևողականորեն ուզում է կտրել մի հատված, որ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է բանավեճից: Խնդրում եմ՝ այս հատվածն անպայմանորեն կտաք՝ երկու օր ժամանակ կա, բանավիճում եմ միայն Հայկ Մարությանի հետ՝ ուղիղ եթերում, իր օրակարգով, իր ֆորմատով, հեռուստաընկերությունը ևս ընտրում է ինքը: Սա իմ առաջարկն է իրեն, և քանի որ ՀՀ-ում խոսքի ազատությունն այլևս չի հետապնդվելու, որ հանրային հեռուստաընկերությունը այլևս չի ծառայելու մեկ քաղաքական ուժի, հուսամ՝ իմ հորդորը կմնա եթերում»:
 
Նա ասաց, որ երկու օր ժամանակ կա, և Հայկ Մարությանին կարող են պատրաստել իր հետ բանավեճի:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 568 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար