Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չթողեց

20-09-2018 16:13:52   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրվեց ՀՀ անկախության 27-ամյակին, անցավ լեփ-լեցուն դահլիճում: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) սեպտեմբերի 19-ին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը:
 

Լրագրողների հետ զրույցում Կարեն Դուրգարյանն ընդգծեց` շատ է սիրում Կամերային նվագախումբը, նախևառաջ, այն պատճառով, որ բազմաթիվ կոլեգաներ ունի կոլեկտիվում. իր համակուրսեցիներն են:
 
«Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, և ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, և ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում այստեղ: Ինձ համար այսօր այդպիսի օր է: Դիրիժորի համար մեծ պատիվ է բացել նվագախմբի համերգաշրջանը»,-նշեց Կարեն Դուրգարյանը:
 
Դիրիժորը մեծ հաջողություններ մաղթեց նվագախմբին` նշելով, որ կոլեկտիվը շատ հետաքրքիր ծրագրերով է հանդես գալու: Համերգին Դուրգարյանի ղեկավարությմաբ հնչեցին Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:
 
Համերգային երեկոյին «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները»: Ջութակահարն ընդգծեց` այս բացառիկ ստեղծագործությունը ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը:
 
Նշենք, որ նվագախմբի ելույթներն արժանացան բուռն ծափահարությունների: Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չթողեց:
 
Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային: Նվագախմբի հետ որպես դիրիժոր հանդես կգա Ռոբերտ Մլքեյանը: Ելույթ կունենա նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
 
 
-- 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 916 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար